Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետն իր և ՀՀ կառավարւթյան անունից ցավակցություններ է փոխանցել բարեկամ Սիրիայի նախագահին և ժողովրդին՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի շղթայի պատճառած մեծաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին և նշել, որ Հայաստանը պատրաստվում է աջակցել Սիրիային՝ զորավիգ լինելու երկրաշարժից տուժած բնակչության ծանր կենսական պայմանները թեթևացնելու և աղետի հետևանքները վերացնելու հարցում:
Բաշար Ալ Ասադը շնորհակալություն է հայտնել զորակցության համար և նշել, որ իրենց համար այս պահին առաջնային խնդիրը կապված է սննդի հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Հայաստանը որպես առաջնահերթություն Սիրիա կուղարկի սնունդ, ինչպես նաև այլ տեսակի օգնություն:
Սիրիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերվելիք օժանդակության համար և հույս հայտնել, որ նաև Հայաստանի Հանրապետության օգնությամբ հնարավոր կլինի հնարավորինս արագ հաղթահարել երկրաշարժի ծանր հետևանքները: