Այսօր՝ ապրիլի 14-ին, գիշերը 02։30-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով Գայդար փողոցի 10 շենքում՝ վերելակի մոտ, հարձակվել են 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են, այնուհետև նրա մոտից հափշատեկել են բջջային հեռախոս և տան բանալիները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տականքները իրենց հանցագործությունը ավարտին չեն հասցրել միայն այն պատճառով, որ մուտքում աղմուկի ձայնը լսելով, հարևանը լույսը վառել է, ու դիմակավորված ստահակները դիմել են փախուստի։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Ախոյանը Ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանի որդին է, ով սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համլսարանի 3-րդ կուրսում և տուն էր վերադառնում հարսանիքից։ Բարեբախտաբար, նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ չի սպառնում։
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև Հայկի դրամապանակը, որը հանցագործները չեն կարողացել տանել։