ՀՀ կառավարության որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 152 մլն 147 հազար դրամի չափով:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախատեսված գումարը կուղղվի ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին և մարզադահլիճի համար գույքի ձեռքբերմանը:
Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին և նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում: Մարզադահլիճի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 554 մլն 276 հազար դրամ:
Ներկայում մարզադահլիճի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 92 մլն 623 հազար դրամ:
Միաժամանակ, նախատեսվում է նոր կառուցվող մարզադահլիճը համալրել համապատասխան գույքով, որի ձեռքբերման նպատակով կհատկացվի 59 մլն 524 հազար դրամ գումար:
Այսպիսով՝ որոշման ընդունմամբ կապահովվեն ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքները և գույքով համալրումը: