Հայաստանը հետևողական է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո.,- նշեց նա:
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում:
«Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև' Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան»,- ասաց Մրզոյանը:
Ասուլիսի շրջանակում եզրափակելով իր ելույթը՝ ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնեց, որ առանձնազրույցի ընթացքում Բույար Օսմանիի հետ մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ:
«Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը: