Ապրիլի 13-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն իր նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ։
ՀՀ ՄԻՊ-ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանն իր խոսքում առանցքային է համարել Արցախի գործընկերոջ հետ արդյունավետ համագործակցության շարունակականության ապահովումը և պատրաստակամություն հայտնել գործադրելու ջանքեր՝ այդ համագործակցությունը խորացնելու և կատարելագործելու ուղղությամբ։
Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակին, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։
Գեղամ Ստեփանյանն, իր հերթին, շնորհավորել է Պաշտպանին այս պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ և վերահաստատել կայուն փոխգործակցության հանձնառությունը: