Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստում որոշեց 32 մլն դրամ հատկացնել ՀՀ նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության արդիականացման և բարելավման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից շահագործվող որոշակի տեխնիկա, սարքեր և սարքավորումներ աշխատում են խափանումներով, չեն բավարարում ներկայիս տեխնիկական կամ ծրագրային պահանջներին, ինչի պատճառով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր գործառույթների իրականացման ընթացքում հանդիպում է խնդիրների:
ՀՀ նախագահի և ՀՀ նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանման համար անհրաժեշտ տեխնիկան հնացած է և չի ապահովում լուսանկարահանման, տեսանկարահանման և մոնտաժման բավարար որակական չափանիշներ:
Լուրջ խնդիրներ են ծագել համակարգչային ցանցի և առնչվող սարքավորումների հետ, մասնավորապես՝ սերվերներից մեկը ծանրաբեռնվածության պատճառով խափանվել է (2012 թվականի արտադրության է), որի վերանորոգումը բարդ, ծախսատար և ոչ նպատակահարմար է, սերվերային հանգույցին սպասարկող անխափան սնուցման սարքերի մարտկոցները ամբողջությամբ ենթակա են փոխարինման: Սերվերային հանգույցի աշխատանքը ժամանակավոր սխեմայով վերականգնվել է, սակայն ոչ լիարժեք: Այն աշխատում է ծանրաբեռնված, ինչի պատճառով դրա աշխատանքում ամեն րոպե հնարավոր են նոր խափանումներ:
Վերը նշված ապրանքների ձեռքբերման նպատակով Հանրապետության նախագահի աշխատակազմը «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով կազմակերպել է գնման ընթացակարգ և դրանց արդյունքում կնքվել են (կնքվելու են) գնման պայմանագրեր, որոնց ընդհանուր գումարը 32.0 մլն. դրամ է: