Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնության խոսքը մայիսյան եռատոնի առթիվ․
«Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի, թե գլորվեցի, նորից կկանգնեմ, քանի որ եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը» (Միքիա 7:8)
Սիրելի հայրենակիցներ,
Աստծուց ներշնչված այս խոսքերով է դիմում իր թշնամիներին Միքիա մարգարեն, երբ իր հայրենակիցների տառապանքը և երկրի ավերածությունը տեսնելով' Աստծուց փրկություն էր խնդրում իր ազգի համար: Բայց արդարության քարոզիչ լինելով՝ նա թշնամու առաջ ներկայացնում է նաև իրենց պարտության պատճառները. «Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ Նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ Նրա արդարությունը» (Միքիա 7:9)։
Մայիսյան եռատոնը տարիներ շարունակ բոլորիս համար եղել է ուրախության և ուժի աղբյուր: Իհարկե, այսօր մենք չենք կարող ինքներս մեզ խաբելով նույն ոգևորությամբ տոնել և ուրախանալ, բայց չենք կարող նաև անտեսել և մոռանալ՝ այն պարզ պատճառով, որ ներկայի որևէ անհաջողություն չի կարող արժեզրկել անցյալում եղած սխրանքը, սերն ու նվիրումը: Ուստի, չնայած այդ տոները դադարել են մեզ համար ուրախության աղբյուր լինելուց, բայց չեն դադարել ուժի աղբյուր լինելուց:
Մեր հայրերը ամբողջական նվիրումով մասնակցեցին երկրորդ համաշխարհային պատերազմին: Պատմությունը հստակ ցույց է տվել, որ չարի ամենավտանգավոր գործիքներից մեկը, որով նա ավեր է գործում ամբողջ աշխարհում՝ ֆաշիզմն է, որը թե՛ հակամարդկային է և թե՛ հակաքրիստոնեական։ Ցավոք սրտի պատմությունն ունի մի անցանկալի հատկություն՝ կրկնվելու բնույթ, և պարտված չարիքը ժամանակ առ ժամանակ նորից գլուխ է բարձրացնում: Մենք նորից բախվեցինք ազգային ատելության ու դրա վայրենի դրսևորումների հետ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ թշնամին հաճույք էր ստանում անօգնական գերիներին խոշտանգելով, որովհետև նրանք իրենց ազգից չէին: Նացիզմի այդպիսի մի խայտառակ դրսևորում էր նաև Բաքվում բացված հաղթանակի պուրակը:
Մայիսի 9-ը նաև Արցախյան Շարժման անդրանիկ զավակի՝ Արցախի Պաշտպանության Բանակի ծննդյան օրն է, որը հերոսական ուղի անցնելով՝ հայ ժողովրդին նվիրեց հայրենի երկիր ազատագրելու ուրախությունն ու դարերով չիրականացված երազի իրականացումը։ Վերջին ծանր փորձությունից հետո Պաշտպանության Բանակը վիրավորվել է, բայց չի մահացել և ի զորու է անսպասելի հրաշքներ գործելու:
Եվ վերջապես արցախյան գոյամարտի «մատանու քարը» եղավ ազատագրված Շուշին: Որքան մեծ էր ուրախությունը այն օրերին, նույնքան և ավելի խորն է կորստի ցավը այսօր: Աստծո նախախնամությամբ օրվա ռազմական ու հոգևոր իշխանությունները որոշեցին Շուշիի ազտագրման օպերացիան սկսել Խաչի երևման տոնի օրը' հիշելով հենց այն պատգամը, որ Կոստանդիանոս կայսրը ստացավ Երուսաղեմի երկնքում Տիրոջ Խաչի նշանի հայտնությամբ'թե «Սրանով կհաղթես»: Մեր զինվորականնները և զինտեխնիկան իրենց վրա սպիտակ խաչի նշանն ունենալով հայոց բերդաքաղաքի ազատագրումը վերածեցին լեռներում կատարված մի մեծ հարսանիքի:
Հայրենիքի կերտման գործում հաղթանակ նվաճելը դեռ գործի կեսն է, մյուս կեսը այդ հաղթանակը պահելն ու դրան արժանի լինելն է։ Հաճախ մենք մեծարում ենք մեր նահատակներին և հաղթանակը ենթագիտակցորեն վերագրում միայն նրանց ու բավարարվում սրանով: Բնականաբար Նրանց զոհողությունն ամենամեծն է ու անգանահատելի, բայց նրանց բաժին գործը արդեն կատարված փաստ է, իսկ ապրողների գործը և պատասխանատվությունը մնում է ընթացքի մեջ, որպեսզի կարողանան պահել արյամբ ձեռքբերվածը: Ցավոք, շատ հաճախ հաղթում ենք արյունոտ պատերազմներում և պարտվում անարյուն պատերազմում:
Երբ մենք հավատարիմ եղանք Տիրոջ Խաչի խորհրդին, որ նշանակում է սեր առ Աստված և Հայրենիք, այն ժամանակ ունեցանք մեծ հաղթանակներ, բայց երբ խաղաղ ժամանակ հեռացանք Խաչի խորհրդից, մեզ վրա հասավ պատուհասն ու հայրենիքի կորուստը: Փոխանակ խոնարհությամբ ու արժանապատիվ կերպով Աստծուց մեզ շնորհված հաղթանակին տեր կանգնելու, մենք հպարտացանք, մեծամտացանք ու սկսեցինք վատնել մեր հաղթանակն ու ժամանակը: Կարող է խիստ հնչել, բայց Արցախը կործանման տարանք մենք, որ Աստծո օգնությամբ ազատագրել էինք Արցախը:
Բայց ոչինչ անհետ կորած չէ, և փրկություն միշտ էլ կա: Այսօր, մեր հարևանները չարի ձեռքին գործիք դարձած՝ փորձում են հենց չարի վաղեմի զենքերով ընկճել մեզ: Վախ, անորոշություն, հացի խնդիր և նյութական նեղություններ, որոնցով փորձում են մեզ ներքաշել քաոսի մեջ: Իսկ չարի դեմ մարտնչելու զենքերը մեզ համար միշտ էլ իրական են ու հասանելի. Հույս, Հավատ, Սեր, ահա սա է իրականում Խաչի ամբողջ իմաստն ու խորհուրդը և քաոսը հաղթահարելու զինանոցը: Ինչքան էլ տարբեր հարթակներում բանակցություններ լինեն, մենք որպես հավաքական ազգ, պիտի հասկանանք, որ առաջին հերթին պիտի հաջողենք Աստծո հետ բանակցություններում, իսկ Աստված դիվանագիտորեն չի բանակցում, այլ պարզ և հստակ. «Դարձեք դեպի ինձ, և ես կդառնամ դեպի ձեզ»: Ինչքան էլ փակ լինեն բոլոր ճանապարհները և բոլոր դռները, Աստծո ողորմության դուռը միշտ բաց է, իսկ բանալիները մեր ձեռքում:
Ուստի սիրելիներ, վերաիմաստավորելով մեր անցած հաղթանակները, հավատով ու հույսով լցվենք մեր ապագայի հանդեպ, ապավինենք Աստծուն և մեր միասնական բազկի ուժին, ու ժամագրքի աղոթքով առ Աստված դիմենք ասելով. «Թագավոր խաղաղության, մեր անձերի Փրկիչ՝ Քրիստոս Աստված մեր, պարսպած պահի՛ր Քո ժողովրդին, սուրբ և պատվական Խաչիդ հովանուներքո՝ խաղաղությանդ մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի թշնամուց,և արժանի արա գոհությամբ Քեզ փառավորելու՝ Հոր և Սուրբ Հոգու հետ. այժմ և հավիտյաններում: Ամեն»: