ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի միջնորդությունները, և դեկան Հ. Ս.-ի (Հայկ Սարգսյան-խմբ), ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի ու կաշառք տալու համար մեղադրվող անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Դեկանի տեղակալ Ա. Ն.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հիշեցնենք, որ կաշառք ստանալու մեղադրանքով երեկ ձերբակալվել էին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, երկու դասախոս և վերջիններիս կաշառք տված անձինք:
Նախորեին հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվել էր. «Ազգային անվտանգության ծառայությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ Հ. Ս.-ն, 2000 թվականից զբաղեցնելով Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը, նույն ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գ. Տ.-ի և այլ դասախոսների հետ խմբի կազմում՝ 2023 թվականի փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ:
Հայկ Սարգսյանից բացի կալանավորվել են նաև ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանը, կաշառք տված ծնողը Գ. Ա.-ն։
Հակակոռուպցիոն կոմիտեն ֆակուլտետի դեկանի տեղակալին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Սակայն դատարանը նրա նկատմամաբ կիրառել է տնային կալանքը։
Հիշեցնենք, որ կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, ըստ որի, մայիսի 24-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հ. Ս.-ն, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոսները և նրանց կաշառք տված ևս 5 անձ ձերբակալվել են:
Նույն օրը դեկանին, նրա տեղակալին և հիշյալ երկու դասախոսներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասով: