Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 9-ին ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի հետ աշխատանքային այց է կատարել Սևանի կայազորի զինվորական դատախազություն:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում կայազորի դատախազության դատախազները զեկուցել են տևական ժամանակ քննվող և առավել բարդություն ներկայացնող քրեական վարույթները: Քննարկման արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են հանձնարարություններ՝ արդյունավետ քննություն կատարելու ուղղությամբ:
Աննա Վարդապետյանն անդրադարձել է 8 ամսից ավելի քննվող քրեական վարույթների քննությանն ու ընդգծել վարույթների ժամկետների պահպանման անհրաժեշտությունը:
Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազի ուղեկցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուս, որտեղ քննարկումներ են ունեցել բանակային կորպուսի հրամանատարի և անձնակազմի հետ:
Բանակային կորպուսի հրամանատարը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել առկա խնդիրներն ու սահմանում տիրող իրավիճակը:
Գլխավոր դատախազ Վարդապետյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ և ծանոթացել շփման գոտում տիրող իրավիճակին: