«Ես չեմ տեսնում այն նախադրյալները, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիան որևէ քաղաքականություն է փոխել, կարծես՝ դեռ ավելի ճնշումների քաղաքականություն է շարունակում», -այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը' անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քըրթըլմըշի արած հայտարարությանը։
Խոսքը «TRT Haber»-ին տված հարցազրույցում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քըրթըլմըշի՝ Թուրքիայի և հարևանների հարաբերությունների կարգավորման հայտարարության մասին է։
Հարցին, թե արդյոք Թուրքիան բարեկամության խմբեր կստեղծի Եգիպտոսի, Հայաստանի և Սիրիայի հետ, Մինասյանն ասաց․
«Թուրքիան, կարծես թե, փորձում է հարաբերությունները կարգավորել հարևան երկրների հետ, մասնավորապես' Սիրիայի, որի հետ ունի շատ բարդ հարաբերություններ, Հայաստանի և Եգիպտոսի հետ։ Եգիպտոսի հետ որոշակի դրական դինամիկա կա, որոշակի գործընթաց կա նաև հայ-թուրքական հարաբերություններում։
Եթե իսկապես Թուրքիան կենտրոնանում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործի վրա, ապա պետք է ստեղծվեն նման խմբեր»,-ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ եթե Թուրքիան պաշտոնապես հայտարարի, որ կա նման կառույց, ապա Հայաստանը դրական կարձագանքի այդ քայլին և դրական քայլ կհամարի։
«Ես դեռևս չեմ տեսնում դրական քայլեր։ Օրինակ՝ եթե ստեղծվի նման հանձնաժողով ու ինչ-որ աշխատանքներ տարվեն՝ գուցե դա մի քայլ դրական համարվի, բայց վաղ է խոսել դրականի մասին»,- ասաց Մինասյանը։
Հիշեցնենք՝ Քըրթըլմըշը նշել է, որ անհրաժեշտ է ամրապնդել խորհրդարանական դիվանագիտությունը և առաջ տանել այն՝ սերտացնելով աշխատանքը, վերականգնել բարեկամական խմբերը և փոխայցելությունները հարևան երկրների հետ։