«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն հարցում է իրականացրել Երևանի քաղաքապետի թեկնածուների վարկանիշների վերաբերյալ։ 

Արդյունքները բավական ուշագրավ և խոսուն են: Բանն այն է, որ ըստ GALLUP-ի հարցումների՝ առաջին տեղում է ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանը, սակայն, նրա առաջատարությունը բավական հեղհեղուկ է, քանի որ հարցվածների միայն 10.1 տոկոսն է պատրաստ իր ձայնը տալ քաղաքապետի ներկայիս տեղակալին: Հայկ Մարությանի ղեկավարած կուսակցությանը, եթե վերջինս իհարկե հայտ ներկայացնի , պատրաստ է ձայն տալ հարցվածների 8.2 տոկոսը: Հայաստան դաշինքի հավանական մասնակցության դեպքում ցուցակի պոտենցիալ առաջին համար Լևոն Քոչարյանին պատրաստ է ձայն տալ հարցվածների 5.3 տոկոսը: ՀՀԿ-ին ի դեմս Տարոն Մարգարյանի՝ 4.5 տոկոսը: Հաջորդիվ պատկերը այսպիսինն է

Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի ավագանու ընտրություններին նախորդած հարցումների արդյունքներով Հայկ Մարությանի գլխավորած՝ Իմ Քայլը կուսակցությունների դաշինքի օգտին պատրաստ էր քվեարկել քաղաքացիների 60,6 տոկոսը : Այսօր այդ թիվը զգալիորեն նվազել է՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներից ելնելով, ակնհայտ է, որ մեծանում է դժգոհությունը իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից: Բազմիցս խոսվել է այն մասին, որ ՔՊ-ն նույնիսկ լրջորեն մտածում էր հետաձգել ընտրությունները, հասկանալով, որ իրենց թեկնածուն չունի բավարար վարկանիշ՝ վստահ հաղթանակ տանելու համար, սակայն, այնուամենայնիվ որոշեցին գնալ վա-բանկ:

Սոց.հարցումների այս արդյունքները գալիս են ապացուցելու, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը մի կողմ դնեն առկա մեծ ու փոքր տարաձայնությունները և սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցեն միասնական ճակատով, ՔՊ-ի և Տիգրան Ավինյանի՝ նման ցածր հանրային աջակցության ֆոնին ընդդիմության միասնական թեկնածուն կունենա՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու բոլոր շանսերը: Հարցվածների շուրջ 30 տոկոսը այս պահին դեռևս չի կողմնորոշվել, թե ում է տալու իր քվեն և եթե ընդդիմադիր դաշտը կարողանա լայն կոնսոլիդացիա ապահովել, ապա ավելի քան հավանական է, որ այդ 30 տոկոսը «թեքվեն» հենց ընդդիմադիր թեկնածուի կողմը:

Ընդդիմադիր ուժերը հաճախ են խոսում այն մասին, որ Երևանը «վերցնելը» ինչ-որ տեղ հավասարազոր է նաև իշխանությունը երկրում «վերցնելուն» և դա իր մեջ որոշակի ճշմարտություն պարունակում է՝ հաշվի առնելով Երևանի ռեսուրսները և ռազմավարական նշանակությունը: Մնում է հասկանալ, արդյոք՞ լայն կոնսոլիդացիան իրականություն կդառնա, թե հատվածային և ներկուսակցական շահերը շատ ավելի բարձր կդասվեն: Այն քաղաքական ուժերը, որոնք առկա կոնֆիգուրացիայի և ուրվագծվող հնարավորությունների դեպքում ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով կխուսափեն միասնական դաշտով հանդես գալուց, երևանցիների կողմից կարող են իրավաչափորեն մեղադրվել՝ ՔՊ-ի ջրաղացին ջուր լցնելու և իշխող քաղաքական ուժի հետ որոշակի ստվերային պայմանավորվածությունների մեջ: Այս պահին գնդակը ինչպես ասում են՝ ընդդիմության դաշտում է...