«Իրավունք» թերթը գրում է․ «ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

«Իրավունքի» հետ զրույցում Խաչատրյանը դարձյալ պնդեց, որ Փաշինյանի հայտարարությունը առ
այն, որ նա մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորումը, չի համապատասխանում իրա կանությանը:

«Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»,- պնդեց Խաչատրյանը:

Խնդրանքին՝ պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է դա եղել, Խաչատրյանը նշեց. «Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել: Բնականաբար, խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին: Պարզ է, որ ավել ձեռքբերելու համար գումար չէինք ուզելու նրանից»:

Նա նաև նշեց, որ Փաշինյանն ուղիղ տեքստով չէր մերժել ԶՈՒ ղեկավարությանը ֆինանսավորման հարցում. «Այսպես ա սեմ, նա չէր ասում՝ չէ՛, գումար չեմ տա, ասում էր, հա անպայման կհատկացնեմ, բայց չէր հատկացնում»:

Խաչատրյանը նաև հերքեց Փաշինյանի հայտարարությունները ՍՈՒ-30 ինքնաթիռների գործարքի վերաբերյալ: «ՍՈՒ-երի հետ կապված՝ կեղծիքներ են ներկայացնում՝ ինչ են ուզել, ով է խնդրել, ինչպես է խնդրել: Բայց ավել բան ես չեմ կարող ասել, քանզի նախաքննություն է գնում, թող նախաքննությունը պարզի: Եթե ես ավել բան ասեմ, դա կլինի օրենքի խախտում»,- եզրափակեց Խաչատրյանը»: