«Առհասարակ բանակցությունները շատ կարևոր են, բայց այս իշխանությունների դեպքում մենք համոզվել ենք, որ յուրաքանչյուր հանդիպում շատ ավելի վատ հետևանքներ է թողնում Հայաստանի և Արցախի համար, և փաստ է, որ 120 հազար արցախցիներ դեռ շարունակում են մնալ շրջափակման մեջ»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը. «Բրյուսելի եռակողմ հանդիպումը, ցավոք, որևէ կոնկրետ արդյունք չտվեց Լաչինի միջանցքի բացման առումով։ Ապօրինի արգելափակումն ուղիղ ծրագիր է՝ Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված»։

«Ստեղծված իրավիճակից ելքը՝ Արցախի փրկությունը, Հայաստանի սահմանների պահպանությունն է, որը բացառապես մի դեպքում հնարավոր կլինի, եթե ներկայիս իշխանությունը հեռանա»,-ասաց Խամոյանը։

Պատգամավորի խոսքով' Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ֆոնին իշխանությունը շատ ավելի խելացի պետք է գործեր, բայց, ինչպես տեսնում ենք, իշխանությունները սրել են իրավիճակը․

«Եթե հիշենք ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը, որ Հայաստանի իշխանություններն են ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ներառում է նաև Արցախը և դրան զուգահեռ՝ Արևմուտքի խանդոտ գնահատականները և այս ամենի ֆոնին մեր իշխանությունների գործելաոճը, ապա այս ամենը, ակնհայտորեն, մեզ բերում է ավելի վատ զարգացումների»։

Լիլիթ Զալիբեկյան