Այս օրերին դիրիժոր Սերգեյ Սմբատյանին աջակցելու նպատակով դիմում են բազմաթիվ մտահոգ մարդիկ Հայաստանից և արտերկրից՝ Մաեստրոյի կոլեգաներ, իր սիրելի հանդիսատեսը, ընկերները։ Բոլորի անհանգստությունը մեկն է՝ Մաեստրոն չպետք է զրկվի ազատությունից, իր գործով զբաղվելու հնարավորությունից և պետք է շարունակի դասական երաժշտությանը ծառայելու շնորհակալ ու կարևոր առաքելությունը։ Քաղաքացիները պահանջում են արդար քննություն անցկացնել և մինչև դատարանի վճիռը փոխել Մաեստրոյի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Եվ որպեսզի Սերգեյ Սմբատյանի աջակիցները հնարավորություն ունենան իրենց ձայնը բարձրացնելու և զորակցություն հայտնելու Սերգեյ Սմբատյանին, ստեղծվել է https://www.supportsergeysmbatyan.am/ կայքը։ Այս հարթակի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է միանալ դիրիժորի պաշտպանությանն ուղղված ստորագրահավաքին։ Կայքը գործում է ազատ և չի պարունակում կոմերցիոն բնույթ. ցանկացած ոք կարող է միանալ այս հարթակին՝ ստորագրելով ու հայտնելով իր անհամաձայնությունը Մաեստրոյի կալանավորմանը և կիսվելով սոցցանցերի էջերին:

Կայքի «Նորություններ» բաժնում զետեղված են տեղեկություններ քննության ընթացքի, ստեղծված իրավիճակին առնչվող թեմաների վերաբերյալ։

Թողարկումից հետո՝ 12 ժամվա ընթացքում, կայքն ունեցել է 2000-ից ավելի այցելու, ի պաշտպանություն Մաեստրոյի ստորագրահավաքին միացել է մոտ 400 մարդ, իսկ սոցիալական ցանցում կայքի միջոցով իրենց ձայնն են բարձրացրել ավելի քան 1000-ը։