«Հայ - ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով կոնկրետ գործողություններ և վճռական փոխզիջումային քայլեր են անհրաժեշտ», - նշված է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիմքեթ Հաջիևի՝ այսօր Բրյուսելում կայացած բանակցությունների ավարտին Եվրամիության կողմից հրապարակված հայտարարությունում, գրում է «Ազատություն»–ը։
«Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը բանակցություններ են վարել հայ - ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակներում ձեռնարկվելիք հնարավոր կոնկրետ քայլերի՝ այդ թվում սահմանների դելիմիտացիայի, անվտանգության, մարդասիրական խնդիրների, ինչպես նաև ավելի լայն հարցի՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ», - ասված է հայտարարության մեջ։
«Հանդիպումը հնարավորություն տվեց մտքերի ակտիվ փոխանակում կազմակերպել հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպման հրատապության վերաբերյալ։ Եվրամիությունը վստահ է, որ հնարավոր հանդիպումը Գրանադայում պետք է օգտագործվի թե՛ Երևանի և թե; Բաքվի կողմից՝ միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հանձնառությունը վերահաստատելու համար՝ նախկինում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա», - նշված է ԵՄ հայտարարությունում։
Տարածված փաստաթղթում Եվրամիությունը նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում թափանցիկության, ինչպես նաև «մարդասիրական և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների հասանելիության անհրաժեշտությունը»։