Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան:
«ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է «Político» հանդեսում լույս տեսած ու մեծ քննարկումների հանգեցրած' «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակմանը, որով, ըստ էությամբ, ո´չ հերքել է, ո´չ էլ հաստատել այդ կանխատեսման հնչեցման հանգամանքը:
Չնայած այն հանգամանքին, որ պետքարտուղարությունն ուժի կիրառումն անընդունելի է համարում, միևնույն ժամանակ պատմությունը ցույց է տալիս, որ ոչինչ չի արվում պատերազմները կանխելու համար:
ԱՄՆ-ի կարգի պետություններից սպասումը կանխատեսում, իսկ հետո ցավոտ արձանագրումներ լսելը չէ, եթե կոնկրետ հակամարտություններում սկզբունք է հռչակվում ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը, ապա դա պետք է բոլոր միջոցներով ապահովել:
Վերջին 3 տարվա ընթացքում Հայաստանն ու Արցախը ադրբեջանական ագրեսիայի են ենթարկվել' լոկալից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ, սակայն հիմնական դերակատարները շարունակում են խոսել ուժի չկիրառման մասին, բայց դրան որևէ լուրջ գործողություն չի հետևում:
Դրան զուգահեռ, Ադրբեջանն իր տարածքային հավակնությունների իրացման հերթական ռաունդի մասին է գուժում և դա բնական է դարձել այն տեսանկյունից, որ մի կողմից նրա առաջ փաշինյանական ռեժիմն է' իր միակողմանի զիջումների օրակարգով, մյուս կողմից, որպես երրորդ կողմ հանդես են գալիս երկրներ, որոնց համար սկզբունքներ ասվածը պահպանվում է, երբ դա նրանց է անհրաժեշտ լինում»,- գրել է նա: