«Փաստ» օրաթերթը գրում է.
Արման Ղարաբեկյանը ծնունդով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը: Ընդունվել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Հայոց լեզու և հայ գրականություն» բաժին: Հիմա բարձրագույն կրթությունը շարունակելու է Մանկավարժական համալսարանում:
«Թեկուզ երիտասարդ տարիքիս՝ 22 տարեկան եմ, հասցրել եմ որոշակի գործունեություն ծավալել նաև քաղաքական դաշտում, ինչպես ասում են, տարբերել լավը վատից: Իմ գաղափարախոսության մեջ մշտապես եղել է միացյալ Հայաստանի կառուցումը, այդ պատճառով 2018 թ. դեկտեմբերին համալրել եմ Արցախում ստեղծված «Միացյալ Հայաստան» կուսակցության շարքերը՝ երեք ամիս անց զբաղեցնելով երիտասարդական թևի ղեկավարի պաշտոնը: Բավականին ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմանը:
2016-18 թթ. համագործակցել է Արցախում տպագրվող «Հայրենյաց պաշտպան» թերթի հետ: Նշում է՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով Թաղավարդ գյուղի վերին հատվածն անցավ թշնամու վերահսկողության տակ: «Ստիպված եղա մայրիկիս ու 90-ամյա տատիկիս հետ տեղահանվել՝ վերաբնակվելով Արցախի Մարտունի քաղաքում: Սկսեցի աշխատել, շարունակել ապրել: Բայց սեպտեմբերի 19-ի պլանավորված պատերազմի հետևանքով ստիպված եղանք տեղահանվել Արցախից»,-հավելում է մեր զրուցակիցը:
Արմանն իր ցավն ուժ է դարձրել և հիմա շատ կարևոր նպատակ ունի՝ գիրք գրել 44-օրյա պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի՝ Մոնթեաբերդի և համանուն շրջանի գյուղերի անմահացած արցախցիների մասին՝ լինեն նրանք զինվորականներ, թե քաղաքացիական անձինք, խոսքը 191 հոգու մասին է: «2022 թ. դեկտեմբերից իմ լավ ընկեր, խորհրդատու, Արցախի ԱԱԾ Մարտունու բաժնի պետ, գնդապետ Կամո Սաֆարյանը և ես զրուցելով եկանք այն մտքին, որ պետք է մեր հերոս հայորդիների կենսագրական տվյալները հավաքագրենք ու տպագրենք, դա մեր պատմությունն է: Այն օդից չենք վերցրել, 44 օրվա ընթացքում կատարած հերոսությունների մասին է լինելու այդ գիրքը: Օգտագործելով մեր անձնական ֆինանսական միջոցները՝ շրջել ենք համայնք առ համայնք և հավաքագրել տվյալները:
Հույս ունեմ նաև, որ գրելով մեր անմահացած տղաների կյանքի պատմությունը՝ կարող եմ խթան հանդիսանալ ինչ-որ ձևաչափով բանակցային սեղանի շուրջ բերել Արցախի խնդիրը: Արցախի թեման ոչ ոք չի կարող փակված համարել: Ժողովրդի կողմից ստեղծված հանրապետությունը ոչ ոք չի կարող լուծարել՝ հանրապետության նախագահից սկսած մինչև Հայաստանի վարչապետ: Դեռ 1991 թ. սեպտեմբերի 2-ին արցախցին կատարել է իր ընտրությունը, իսկ բանակցությունների միջոցով օրինականացնում էինք այն, ինչ կառուցել էինք մեր սեփական հողի վրա: Որքան շնչում եմ, պատրաստ եմ իմ եղբայրների կյանքի պատմությունը հավաքագրել և հանձնել սպիտակ թղթին: Դա եմ համարում իմ ամենամեծ առաքելությունը»,-ընդգծում է Արմանը:
Նա հույս ունի, որ ծրագրվող այս գիրքը լինելու է առաջինը, բայց ոչ վերջինը: Ավաղ, շրջափակման օրերին չի կարողացել ավելի ծավալուն աշխատանք կատարել և հավաքագրել նաև Արցախյան առաջին և Ապրիլ յան պատերազմի ժամանակ զոհված մեր հայորդիների տվյալները, շրջել Արցախի մյուս գողտրիկ անկյուններում: Բայց չի հուսահատվում, ամեն ինչ առջևում է: Վստահ է, որ ծնվող յուրաքանչյուր գրքով ոչ միայն ապրեցնելու է մեր տղաներին, այլ նաև որդեկորույս ծնողներին ցույց է տալու, որ նրանք միայնակ չեն, որ իրենց կողքին արցախցի մի երիտասարդ է, որը պատրաստ է ամեն ինչով աջակցել նրանց:
«Ծանր վիճակում ենք, տղերքը չկան, Մեծ Հայքի պատմական նահանգը չկա: Բայց շարունակելու եմ իմ արդարացի պայքարը հանուն իմ հայրենիքի, իմ հող ու ջրի: Արցախի հետ նաև մեր մայր Հայաստանի ճակատագիրն է կապված: Մեր բանակում ծառայող, Արցախի սահմանը պաշտպանող հայ զինվորը պաշտպանում էր նաև Հայաստանի սահմանները: Մեր ծնողները ժամանակին պայքարել են, որ ապրենք ազատ ու անկախ երկրում: Իմ հորեղբայրը՝ հակաօդային պաշտպանության ուժերի ավագ լեյտենանտ Ալիկ Ղարաբեկյանը, զոհվել է հանուն հայրենիքի: Իմ քրոջ որդին՝ հետախույզ, դիպուկահար Հովիկ Գրիգորյանն, անմահացել է 44-օրյա պատերազմում: Նրանց երազանքը ազատ, անկախ ու երջանիկ հայրենիքն էր՝ Արցախն ու Հայաստանը»,-եզրափակում է Արման Ղարաբեկյանը:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ