Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ բանակում ազատվել են հինգերորդ շարասյունից:
Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ազատվե՞լ են բանակում 5-րդ շարասյունից:
Փաշինյանը նախ պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն հինգերորդ շարասյուն ասելով. այն անձանց շրջանակն է, որի գործողություններում ու որի ընկալումներում սեփական պետության և պետության վարած քաղաքականություններն իրենց առաջնայնությունը զիջում են այլ երկրների կողմից վարվող քաղաքականություններին:
«Այո, ըստ էության, ես համարում եմ, որ մենք այսօր բանակում ազատվել ենք հինգերորդ շարասյունից»,-ասաց վարչապետը:
Պետական կառավարման համակարգում հնարավոր 5-րդ շարասյան առկայության վերաբերյալ հարցին Փաշինյանը պատասխանեց. «Մեծ մասամբ մեր պետական կառավարման համակարգը բավականին մեծ առաջընթաց ունի՝ պետական պաշտոնյաների գիտակցության մեջ սեփական պետականության ընկալումը բարձրագույն արժեք համարելու տեսակետից և սեփական պետության շահերն ու քաղաքականությունները որևէ կերպ այլ պետությունների նկատմամբ չնսեմացնելու տրամաբանությամբ»: