«Ռուսական գրքի տան» հիմնադիր, Ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ, մեկենաս Մհեր Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի ուղերձը՝ «Ռուսաստան-Հայաստան» առաջին Հանրային ֆորումի մասնակիցներին ու կազմակերպիչներին։
Ուղերձում, մասնավորապես, ասված է․
«Սրտանց ողջունում եմ «Ռուսաստան-Հայաստան» առաջին Հանրային ֆորումի մասնակիցներին։ Նախ կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆորումի կազմակերպիչներին` «Միասին» հասարակական կազմակերպությանը և «Միջազգային համագործակցության առաջնորդները» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև անձամբ Կազմկոմիտեի նախագահ Մ. Վ. Ավետիսյանին:
Ձեր միջոցառումը նվիրված է միանգամայն ակտուալ թեմաների՝ հանրային դիվանագիտության դերին ռուս-հայկական երկխոսության խթանման գործում և պատմական հիշողության պահպանմանը՝ որպես մեր փոխգործակցության հիմք:
Այսօր Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային կապերի ամրությունը փորձության է ենթարկվում՝ Արևմուտքի՝ մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելու փորձերի համատեքստում։ Դրանով իսկ առավել արժեքավոր է այս նախաձեռնությունը, որը կոչված է՝ պայմաններ ստեղծելու համախմբող օրակարգ փնտրելու համար, ինչպես նաև խթանելու Ռուսաստանում և Հայաստանում հասարակական կարծիքի նոր առաջնորդների ի հայտ գալը։
Վստահ եմ, որ քննարկումների արդյունքում՝ կմշակվեն գործնական առաջարկություններ և կհաստատվեն փոխշահավետ կապեր։
Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք և ամենայն բարիք»։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի 15-ին Մոսկվայում տեղի է ունեցել «Ռուսաստան-Հայաստան» առաջին Հանրային ֆորումը։ Միջոցառումը միավորող հարթակ է դարձել Ռուսաստանի և Հայաստանի հասարակական կարծիքի առաջնորդների համար, որոնք գործունեություն են իրականացնում քաղաքականության, կրթության, մշակութային-հումանիտար համագործակցության և ԶԼՄ-ների ոլորտներում: