Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կշարունակի գլխավորել Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Տեղեկությունը հայտնում է Սմբատյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Նրա խոսքով' նախորդ ամառ Սերգեյ Սմբատյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումից, նրան կալանավորելուց հետո Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությունը որոշել էր կասեցնել Սմբատյանի հետ կնքած պայմանագիրը։
«Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այսօր պաշտոնական ծանուցում ենք ստացել, որ նվագախմբի տնօրենների խորհրդի որոշմամբ Սերգեյ Սմբատյանի պաշտոնավարումը կվերականգնվի, ու նա կշարունակի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը որպես գլխավոր դիրիժոր»,– գրել է Վարոսյանը ֆեյսբուքյան էջում։