Տարեմուտից ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայցեր է կազմակերպել մարզերով, որոնց արդյունքում արդեն երկու մարզպետ հրաժեշտ են տվել իրենց պաշտոններին: Փաշինյանը Լոռիում վեց համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցել։ Փաշինյանը շրջել էր, կոշտ դիտողություններ արել, պոկել կախիչները, մատնացույց արել շինարարության ընթացքում կատարված բոլոր թերությունները, հայտարարել, թե դժգոհ է, իսկ հինգշաբթի էլ Կառավարության նիստում նշել էր, թե իրեն պետք է ոչ թե խնդիրների մասին բարձրաձայնող, այլ խնդիրները լուծող պաշտոնյաներ։
Փաշինյանի հետտոնական ակտիվությունը անչափ նման է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ՝ անեկդոտների առիթ դարձած վարքագիծին: Դիցուք՝ նա էլ նախանձելի հաճախականությամբ այցելում մարզեր և տեղերում աշխատող պաշտոնյաների աշխատանքից քարը քարի վրա չէր թողնում: Այդ ընթացքում նաև որոշ նահանգապետերի գլուխներ էին թռնում, ինչպես էր օրինակ Մոգիլյովսկի նահանգապետինը, ում աշխատանքից Լուկաշենկոն անչափ դժգոհ էր մնացել՝ անասնապահական ֆերմա այցելությունից հետո: Լուկաշենկոն այդքանով սակայն չէր բավարարվել: Պաշտոնից ազատվել էին նաև Միխայիլ Ռուսին, ով զբաղեցնում էր Բելառուսի փոխվարչապետի պաշտոնը, և Լեոնիդ Զայացը, ով զբաղեցնում էր գյուղատնտեսության և պարենի նախարարի պաշտոնը։ Օրշանսկի շրջան այցելությունից հետո էլ Լուկաշենկոն խստագույնս քննադատել էր մարզի ագրարային համալիրի պատասխանատուներին, վերջիններիս մեղադրելով՝ գործին մատերի արանքով նայելու մեջ: Եվ իհարկե՝ այս դեպքում էլ աղմկոտ հրաժարականներ հետևեցին:
Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները բնավ էլ պատահական չեն: Նիկոլ Փաշինյանը իսկապես որոշել է իր վրա փորձարկել Բածկայի, այսպես ասած՝ ուժեղ хозяйственник-ի դերը, առանց որի վերահսկողության՝ երկիրը պարզապես կքանդվի: Սակայն, եթե Ռուսաստանի թևի տակ հանգիստ ապրող և աշխարհաքաղաքական վայրիվերումների մեջ չգտնվող Բելառուսի ղեկավարը կարող է իրեն թույլ տալ նման շոուներ կազմակերպել, ապա նույնը չես կարող ասել՝ պատերազմի մեջ գտնվող, հազարավոր փախստականներ ընդունած, գեոպոլիտիկ խնդիրների մի ամբողջ բույլի առջև կանգնած Հայաստանի ղեկավարի մասին, ով պետք է որ շատ ավելի կարևոր խնդիրներ ունենար լուծելու, քան դպրոցի սանհանգույցում ծորակ քանդելը, կամ ֆուտբոլի դաշտի ջրակայունության ստուգումը: Լուկաշենկոյի ոչ բոլոր օրինակներին է պետք հետևել, իսկ եթե Փաշինյանը իսկապես փնտրում է միջազգային լիդերի, ում կարելի է կրկնօրինակել, ապա դա կարող է լինել այնպիսի երկրի ղեկավար, ով բախվելով բարդ խնդիրների լուծել է դրանք և չի զբաղվել էժանագին շոուներով և ժամավաճառությամբ: