Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի և Հունաստան ԱԳ նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին:

 

Ստորև ՀՀ նախարարի պատասխանը ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին:

Շնորհակալ եմ: Ըստ էության, ես և իմ սիրելի բարեկամը՝ նախարարը, անդրադարձանք, մեծ հաշվով, այդ հարցին, բայց ես կարծում եմ, որ դեռ իսկապես երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման գործընթացում, բայց ցանկանում եմ վստահեցնել, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և կոնկրետ ծրագրեր: Ծրագրեր, որոնց մի մասը բխում են, օրինակ, մեր՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև ունեցած գործող «CEPA/ՀԸԳՀ» պայմանագրից, և ծրագրեր, որոնք այդ պայմանագրից, իհարկե, անդին են:

 

Մենք հնարավորություն ունեցանք քննարկելու այդ հարցերը և՛ Եվրոպական միության ուղարկած գնահատման առաքելության այցի շրջանակներում, նրանց հետ հանդիպումների ընթացքում մեկ ամիս առաջ, և՛ իմ այցի ընթացքում Բրյուսել, որտեղ ես պատիվ ունեցա մասնակցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը, շփվել իմ գործընկերների հետ, այդ թվում՝ Հունաստանի ջանքերով և նախաձեռնությամբ: Եվ այս խոսակցությունը շարունակական է:

Մենք քիչ առաջ լսեցինք նախարարի հավաստիացումն այն մասին, որ Հունաստանը շարունակելու է իր ջանքերը և աջակցությունը համոզվելու, որ այս գործընթացը կանգ չի առնում և առարկայական ու ինտենսիվ կերպով է շարունակվում: Մենք, իհարկե, հույս դնելու ենք այդ հավաստաիցման և աջակցության վրա: Մեր կողմից մենք պատրաստ ենք: Հայաստանը, չնայած բոլոր մարտահրավերներին, շարունակում է ինտենսիվ կերպով ժողովրդավարական բարեփոխումները, շարունակում է տարբեր ոլորտներում այդ բարեփոխումների գործընթացը, և մենք համոզմունք ունենք, որ այդ բարեփոոխումները ևս իրենց հերթին Հայաստանն ավելի են մոտեցնում Եվրոպական միությանը: Ես ցանկանում եմ նաև ընդգծել, որ այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգային հարթության վրա կենսական, չափազանց կարևոր նշանակություն ունի Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

Սա ևս մի գործոն է, որը կարևորագույն գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սահմանի գոտում, և սա ևս մի ոլորտ է և մի թեմա է, որը ենթակա է շարունակական զարգացման: Բոլորովին վերջերս Եվրոպական միությունը որոշում ընդունեց ավելացնել, մեծացնել և երկարաձգել այս քաղաքացիական առաքելության մանդատը, ինչը մեծապես ողջունվեց Հայաստանի կողմից: Ամփոփելով՝ ցանկանում եմ ասել, որ սա ճանապարհ է, որը դեռ պետք է անցնենք ավելի մեծ քայլերով, ավելի ինտենսիվ քայլերով և, իհարկե, Հունաստանի աջակցությամբ: