ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Խորվաթիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին:
«Հարգարժա՛ն պարոն նախարար,
Սիրելի՛ բարեկամ , սիրելի՛ Գորդան
Հարգելի՛ գործընկերներ,
Ձերդ Գերազանցություն, շնորհակալ եմ այս այցի ընթացքում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Երեկ արդեն արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ձեր երկրի վարչապետի, ինչպես նաև խորհրդարանի փոխնախագահի հետ։ Սա շարունակությունն է մեր նախորդ ակտիվ շփումների. ես ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա փետրվարին Երևան կատարած Ձեր պաշտոնական այցը, ինչպես նաև հուլիսին Խորվաթիա կատարած իմ այցն ու Դուբրովնիկի համաժողովում մեր քննարկումները։
Իհարկե, պետք է ընդգծենք, որ այս տարին առանձնահատուկ է մեր երկկողմ հարաբերությունների համար, քանի որ մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մեր պետությունները կարևոր ջանքեր են գործադրել՝ ուղղված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և փոխշահավետ համագործակցության զարգացմանը: Գոհունակությամբ եմ նշում, որ մեր վերջին փոխայցելություններն ու ակտիվ փոխգործակցությունն արտացոլում են մեր երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, ինչպես նաև մեր օրակարգի հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներում և տարբեր հարթակներում համագործակցության խորացման և, իհարկե, մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման պատրաստակամությունը։
Հարգելի՛ ներկաներ,
Այսօրվա մեր քննարկումների ընթացքում անդրադարձանք երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և տարբեր, այդ թվում՝ տնտեսության, մշակույթի, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորություններին: Քաղաքական երկխոսության զարգացմանը զուգահեռ տնտեսական ոլորտում առկա է չօգտագործված հսկայական ներուժ։ Նախորդ տարվա փետրվարին նախարար Ռադմանի այցի ժամանակ Երևանում կայացած գործարար համաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն, և մենք շահագրգռված ենք առևտրատնտեսական համագործակցության առաջմղմամբ ու ընդլայնմամբ՝ միտված շոշափելի արդյունքներ արձանագրելուն։
Այսօր մենք քննարկեցինք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ ընթացիկ գործընթացներն ու իրականացվող քայլերը: Այս հարաբերությունների հետագա խորացման մեր քաղաքացիների ձգտումը հիմնված է այն ընդհանուր արժեքների վրա, որոնց մեր քաղաքացիները հարում են Հայաստանում, Խորվաթիայում և Եվրոպական միությունում խթանվող, հատկապես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և այլ հիմնարար սկզբունքների տիրույթում: Միևնույն ժամանակ, ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման մեր հանձնառությունը բխում է մեր քաղաքացիների համար ավելի լավ և անվտանգ միջավայրի տեսլականից: Այսպիսով, իմ խորվաթ գործընկերոջ հետ մենք դիտարկել ենք Հայաստան-ԵՄ հարաբերությունների ողջ շրջանակը, որն ընդգրկում է մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, մարդկանց միջև շփումները, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաև անվտանգության հարցերը: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել, որ Հայաստան-ԵՄ գործընկերությունն ընդլայնվում է նոր ուղղություններով, այն է՝ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը ՀՀ-ում և անվտանգային հարցերով երկխոսությունը: