Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է տիկին Պեկարովայի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստան-Չեխիա հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը: Այս առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդում փոխգործակցությանն ու նպաստում հարաբերությունների ընդլայնմանը: Վարչապետն ընդգծել է նաև խորհրդարանական սերտ համագործակցության կարևորությունը, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում:

Մարկետա Պեկարովան ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունը և նշել, որ դրա զարգացմանը նպաստել է նաև վարչապետ Փաշինյանի՝ 2023 թվականին Չեխիա կատարած պաշտոնական այցը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Չեխիա հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր, որոնք միտված են քաղաքական, տնտեսական, հումանիտար կապերի և համատեղ նախագծերի ընդլայնմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում անվտանգությանն ու կայուն խաղաղության հաստատման հեռանկարի շուրջ, վարչապետն ընդգծել է ՀՀ առանցքային մոտեցումները: