«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։ Եվ այս ոլորտի հետ կապված խնդիրները էականորեն զգալ են տալիս նաև տնտեսական աճի ապահովման համատեքստում։ Պետք է հաշվի առնել, որ խոշոր հարկատուների ցանկում գրեթե միշտ կարևոր դիրքեր են զբաղեցրել հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերությունները կամ գործարանները։ Իսկ ահա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում տարիներ շարունակ առաջին տեղն է զբաղեցնում։ Այսինքն, հանքարդյունաբերության ոլորտն էական մուտքեր է ապահովում պետական բյուջե՝ նպաստելով նաև պետության հզորացմանը։

Հասկանալի է՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Հայաստանը տնտեսական ներուժ ունենա, ինչն էլ հայկական կողմին հնարավորություն կտա զարգացնել իր ռազմական ներուժը։ Դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը փորձում է խոչընդոտել բնապահպանական խնդիրների շուրջ քարոզչության միջոցով։ Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ. հենց միայն նավթարդյունաբերությունն ինքնին ահռելի վնաս է պատճառում շրջակա միջավայրին։ Բնականաբար, Ադրբեջանի համար ոչ թե իրական բնապահպանությունն է կարևոր, այլ այն որպես գործիք օգտագործելը։ Այս մոտեցումը սկզբից կիրառվեց Արցախի դեպքում, երբ շրջակա միջավայրի պաշտպանության քողի ներքո կեղծ բնապահպանների միջոցով փակվեց Լաչինի միջանցքը։

Դրան զուգահեռ ու դրանից հետո Ադրբեջանն անցել է կեղծ բնապահպանական քարոզչությունը Հայաստանի դեմ կիրառելու գործին։ Այդ երկրում հայտնվել են բնապահպաններ, որոնք խոսում են միայն Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական վտանգների» մասին ու դրա շուրջ անգամ նամակներ են գրում տարբեր երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների։ Ադրբեջանական մամուլում էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավի շրջանակներում ակտիվ հրապարակումներ ու վերլուծություններ են արվում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով։ Այս հարցում Ադրբեջանը լայնորեն օգտագործում է հայաստանյան որոշ «գրանտային» կառույցների կողմից բարձրացվող հարցերը։ Մյուս կողմից էլ՝ օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ներն են հանկարծ «հայտնվում» Հայաստանում։

Օրինակ՝ չեխական «Առնիկա» ՀԿ-ն մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել, ու պարզ չէ, թե այդ կազմակերպության գործունեության ակունքներում կոնկրետ ինչ նպատակներ են։ Բայց Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է այս կազմակերպության ու նաև հայաստանյան որոշ ՀԿ-ների գործունեությանը, ու այդ տվյալներն օգտագործում իր քարոզչությունն առաջ մղելու նպատակով։

Ի դեպ, ի թիվս մի շարք այլ խնդիրների, հարցեր են ծագում՝ նաև կապված այն հանգամանքի հետ, թե ինչո՞ւ է նույն այդ կազմակերպությանը ուսումնասիրություն կատարում Հայաստանում, բայց ոչ Ադրբեջանում, որն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ։ Ցավոք, ստացվում է, որ Հայաստանում գործող որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ սինխրոն գործում են։ Հարցը միայն այն չէ, թե ինչո՞ւ է թույլ տրվում արտերկրյա կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում, երբ որևէ երաշխիք չկա, որ հանքարդյունաբերության ոլորտում կատարված ուսումնասիրությունների տեղեկատվությունը չի հայտնվի Ադրբեջանի ձեռքում՝ դառնալով Հայաստանի դեմ միջազգային հարթակներում օգտագործվելու գործիք։ Շատ ավելի ցավալի են հայաստանյան կառույցների գործողությունները, որոնցով փաստացի ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին:

Հ.Գ.-Ի դեպ, թեմային երեկ անդրադարձել է նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը՝ տարածած հայտարարության մեջ մասնավորաբար նշելով. «Ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին»: Հայտարարության մեջ նաև հույս է հայտնվում որ զուտ ազգային շահերից ելնելով՝ վերոնշյալ ՀԿ-ները «զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը»։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ