Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը պատասխանել է հայկական բանակի օրվա կապակցությամբ ադրբեջանական մերձիշխանական զրպարտանքներին։

Ներկայացնում ենք միության հայտարարությունը․

«Այս տարի հունվարի 28-ին Հայաստանը տոնեց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը։ Ուժեղ և մարտունակ բանակ ունեցող պետություններն են ունակ ապահովելու իրենց կայունությունն ու բարօրությունը։ Միաժամանակ՝ ադրբեջանական մերձիշխանական որոշ խոսափողներ շարունակում են հայոց բանակի տարեդարձի կապակցությամբ պետական այրերի հնչեցրած հայտարարությունները ներկայացնել ապակայունացման լույսի ներքո՝ Հայաստանին կրկին մեղադրելով խաղաղությունից հրաժարման և խաղաղեցման գործընթացում իրապես շահագրգռված չլինելու մեջ։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն քննադատում է Ադրբեջանի նման վարքագիծը՝ այն համարելով իրականության խեղման էժանագին փորձ։ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին սպառազինման հարցում, սակայն մոռացության է մատնում Իլհամ Ալիևի այն բազմաթիվ հայտարարությունները, որոնցում անմիջական ռազմական սպառնալիքներ են հնչել Հայաստանի հասցեին, անտեսում է Ադրբեջանի կողմից ռազմական ոլորտին տրամադրվող բյուջեի մեծացումը, միջազգային գործընկերներից զինտեխնիկայի ձեռքբերման բազմաթիվ գործարքները, հաճախակի զորավարժությունները, որոնցից որոշներն անգամ անց են կացվել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս բոլոր փաստերի համադրումը և Հայաստանի հասցեին հնչող զրպարտանքը տրամագծորեն հակադիր են և չեն կարող ընկալելի, առավել ևս ընդունելի

Ադրբեջանը վերջին երեք տարիների ընթացքում բազմիցս սաբոտաժի է ենթարկել խաղաղության գործընթացը հենց ռազմական գործողությունների միջոցով։ Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը խոստովանել է միտումնավոր պատերազմի գնալու ցանկության և նպատակի մասին՝ այն համարելով իր քաղաքական գործունեության առաքելությունը։ Ադրբեջանական իշխանական պատվեր իրականացնող խողովակների խաղաղասիրական քարոզչությունը և Հայաստանի հասցեին անհիմն զրպարտությունները քաղաքական սնանկության և երեսպաշտության ակնհայտ օրինակներ են, որոնցով Ադրբեջանը փորձում է իր վրայից հանել ագրեսորի և օկուպանտի պիտակը։ Մենք հորդորում ենք ադրբեջանական իշխանությունների ծպտյալ կատարածուներին իրենց ձևակերպումներում մնալ իրականության և դրա հավանական ընկալումների շրջանակներում»։