«Փաստ» օրաթերթը գրում է.

Առաջարկների փոխանակում, հրապարակային ելույթներ և հարցազրույցներ: Ասում են, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում խաղաղության հասնելու և համապատասխան պայմանագիր ստորագրելու ուղղությամբ, չնայած թշնամի երկրի նախագահը նոր պայմաններ է միայն առաջադրում, մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի հասցեին: Ի վերջո, երկու երկրների միջև տեղի ունեցողը կարելի՞ է կոչել բանակցություն կամ բանակցային գործընթաց: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն ասում է՝ կարելի է պրիմիտիվացնել և ցանկացած տեսակի հաղորդակցության մասին ասել, որ բանակցություններ են:

«Նամակների մասին տեղեկություններ են լինում, որ ինչ-որ մեկն ուղարկում է, ինչ-որ մեկը՝ ստանում, երկու-երեք ամիս հետո պատասխանում: Նույն կերպ կարող են սա բանակցություններ կոչել: Բայց չէ՞ որ սրան զուգահեռ Հայաստանի ԱԳ նախարարն իր վերջին հարցազրույցում ասաց, թե ո՞վ է ասել, որ ուղիղ կամ, ասենք, հեռախոսային առանձին կապ կա միայն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև, կան բոլոր տարբեր ստորաբաժանումներում նույնպես: Հիմա այն, որ իրար հետ հեռախոսով խոսում են, դա բանակցությո՞ւն է: Ինչպե՞ս է ստացվում, որ թշնամին 2021 թ.-ին մի բան ասել է, հիմա նորից է դրա մասին խոսում, հետ է կանգնում իր ասածից, հիմա բանակցություններ եղե՞լ են, թե՞ ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ գործընթաց կա, բայց դրա մասին չէ խոսքը, տեխնիկապես կարող է լինել, հարցը բովանդակությունն է: «Իսկ բանակցային բովանդակության մեջ կան մի քանի կարևոր շեշտադրումներ: Բանակցությունները գիտության կողմից մշակված իրենց պարտադիր էլեմենտներն ունեն: Սեղանի շուրջ խոսում են շահերից, տարբերակներից և չափանիշներից, թե ոնց են գնահատելու. մշակված այս մի տարբերակը կոնկրետ չափվելու է այս չափանիշներով, որ որևէ մեկս խնդիր չունենանք: Հիմա մեզ ասում են, որ չափանիշները որոշել են, ինչ-որ սկզբունքներ են առաջ բերել, որ, այ, սրանք կլինեն այդ չափանիշները:

Ինչպե՞ս են տարբերակներն այդ չափանիշների մեջ տեղավորվելու, կամ որո՞նք են շահերը: Դրա մասին իրականության մեջ հասկանում ենք հետևյալը. մեր բանակցողները մեկ ասում են՝ դե, Ադրբեջանի վերջնական նպատակը Հայաստանը վերացնելն է, մեկ էլ սկսում են ինչ-որ բաներ խոսել: Եթե դուք գիտեք իրենց շահերը, ի՞նչն եք քննարկում: Բացի դրանից, կա շատ ու շատ ավելի կարևոր խնդիր, որն այդ էլեմենտով այսօրվա դրությամբ հայկական կողմի բանակցություններ վարողներն իջեցրել են զրոյի: Այն կոչվում է այլընտրանք, եթե հայերեն թարգմանենք, իսկ եթե ասենք միջազգային տերմինով՝ BATNA (Best alternative to a negotiated agreement), դա այն է, ինչ դու ունես առանց մյուս կողմի:Դու կառուցում ես քո BATNA-ն:

Հիմա Ադրբեջանի BATNA-ն հետևյալն է: Ունի Թուրքիա՝ իր մեջքին կանգնած, ունի նավթ ու փող, ունի մեծ բնակչություն: Սրանք այն բաներն են, որոնք կապ չունեն Հայաստանի լինելու կամ չլինելու հետ, նա դրանք ունի: Նրա համար, որ բանակցային սեղանի շուրջ կարողանաս քեզ իրականում լուրջ զգալ, պետք է կառուցես նոր BATNA: Քո այսօրվա BATNA-ն պարտված իշխանություններն են, որոնք միայն պատրաստ են զիջումների: Հիմա, որպեսզի Հայաստանը կարողանա նոր խոսք ասել բանակցային սեղանի շուրջ, իր BATNA-ն պետք է փոխի: Այն փոխելու, կառուցելու մի քանի մեխանիզմ կա: Գտնում ես նոր դաշնակից, բանակդ ես հզորացնում, նոր բանակցող ես բերում, որ դիմացինը չկարողանա օգտագործել քո պարտված իշխանության բերանից հնչած միտքը՝ «դե, մենք այլընտրանք չունենք»: Եթե դու այլընտրանք չունես, ուրեմն, ընդունում ես թշնամու բոլոր պայմանները, դա բանակցությո՞ւն անվանենք: Գործընթացով կարող ես թիթիզանալ, ասել՝ նամակ ուղարկեցի, նամակ ստացա, բանակցություններ եմ վարում: Իրական բանակցային երևույթը, բովանդակությունն այն է, որ սեղանի շուրջ կարողանում ես քո շահերը տանել առաջ»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս ողջ գործընթացի ընթացքում տարբեր կողմեր՝ Ռուսաստան, Արևմուտք, տարածաշրջանի երկրներ և ոչ միայն, փորձում են իրենց դերն ապահովել, «վերմակն իրենց կողմը քաշել», շեշտադրել իրենց կարևորությունը բանակցություններում և հնարավոր պայմանագրի ստորագրման դեպքում: Պողոսյանն այսպես է արձագանքում՝ ճիշտ են անում: «Աշխարհն է այդպիսին: Բոլոր գործընթացների մեջ պետք է այնպես անենք, որ ինչ-որ բանից, որն անգամ մեզ հետ թվացյալ կապ չունի, օգուտ քաղենք և մեր BATNA-ն կառուցենք հաջորդ բանակցությունների համար: Ադրբեջանը մտնում է բոլոր միջազգային կառույցները, կաշառում է, անդամագրվում կամ չի անդամագրվում ինչ-որ գործընթացների մեջ, նույնն էլ մենք պետք է անենք: Բայց բանակցությունների գնալիս նոր այլընտրանք կառուցելու համար պետք է առաջին հերթին պարտված կողմը նոր բանակցող բերի: Քանի դեռ չես կառուցել քո մնացած հնարավորությունները, պետք է դրանով ժամանակ ձգել՝ հանուն հայրենիքի: Պետք է զենք գնել, բանակի մեջքը շտկել, համազգային միասնությունն ապահովել, որովհետև, ըստ էության, մեր միակ ռեսուրսը համազգային կամ համահայկական միասնականության ձևավորումն է: Բայց ոչինչ էլ չի արվում, դրա համար էլ թշնամին երբ ուզում է, նոր բան է անում, ինչո՞ւ պետք է իրեն սահմանափակի, ինչո՞ւ պետք է ինչ-որ բանին այո ասի, երբ գիտի, որ հաջորդ րոպեին կարող է նոր բան ներկայացնել և դրա հետևից գնալ»,-հավելում է նա:

Մենք, օրինակ՝ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու մասին ենք խոսում, Ռուսաստանից հրաժարվում ենք, բայց ո՛չ ՀԱՊԿից ենք դուրս գալիս, ո՛չ ԵԱՏՄ-ից: «Կան խմբեր, որոնք այդպես են ներկայացնում, ինքս երբևէ նման բան չեմ ասել: Հակառակը՝ ասել եմ, որ չեմ զարմանա, որ մի օր պարզվի՝ այսօրվա վարքագիծը թելադրված է այն կողմից, որ «այսպես արեք, հանկարծ սանկցիաների տակ չընկնեք»: Այնպես չէ, որ դա միայն ասելով է, չէ՞ որ Արևմուտքն էլ է շատ լավ հասկանում, տեսնում, թե ինչեր են տեղի ունենում, չզարմանաք, որ պարզվի՝ հենց դրա պատճառով էլ միայն խոսքի վրա է մնում, ինչ-որ բաներ խոսվում են, բայց իրական լուրջ գործողություն չի անում: Որովհետև իր իրական շահերի դաշտը ուրիշ տեղ է»,-հավելում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը:

Զրույցն ամփոփում ենք Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հարցով: Ադրբեջանի նախագահի ու պաշտոնյաների ելույթները գալիս են փաստելու, որ մեր երկրի կարևորագույն փաստաթուղթը փոխելու հիմքը հենց նրանց ճնշումներն են: «Շատ կարճ և պարզ բացատրություն՝ սա թշնամու պարտադրանքն է, որի մեջ կան նաև իշխող խմբի շահեր: Դրա համար էլ իրենք գնում են դրա հետևից, այլ պարագայում չէին գնա: Իրենք այդ սցենարի մեջ հետևյալն են տեսնում. կարող են ասել, որ թշնամու պարտադրանքներն են, և օգուտ քաղեն իշխանությունը պահելու համար»: Արդյոք Ադրբեջանին այս «երաշխիքը» տալուց հետո կկարողանա՞նք մեր երկրում խաղաղ ապրել:

«Ոչ մի այլ երաշխիք խաղաղ ապրելու չկա, քան քո զինված ուժերն են: Այն օրը, երբ Հայկական բանակը, Հայաստանի բանակը որոշեց իր լավագույն հզոր ճյուղին, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն էր, իսկ դա ընդհանուր հայկական բանակն էր, թողնել մենակ և պարտության տանել, այդ օրը ինքն էլ է պարտվել ամեն ինչով: Այնպես որ, որևէ երաշխիք այլևս չկա»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Եվ չկա երաշխիք, որ սա վերջին բանն է լինելու, ինչը Հայաստանից պահանջելու է Ադրբեջանը: «Իսկ ինչո՞ւ պետք է վերջինը լինի: Պարտված իշխանությունից կարելի է ակնկալել միայն նոր պարտություններ, ինքը դա է բերելու»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ