«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյին տված վերջին հարցազրույցի շուրջ աղմուկը չի դադարում։ Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին անակնկալի է բերել Նիկոլ Փաշինյանի' իրենց եթերում արտահայտած հակահայ մտքերի ռեկորդը եւ դրանց' հարցազրուցավարի կողմից զրո հակադարձումը, եւ նա նախօրեին հայտարարություն տարածեց՝ անհաջող հարցազրույցի համար ներողություն խնդրելով իրենց ունկնդիրներից եւ գնահատական տալով ՔՊ-ի վարած քաղաքականությանը:

Ռադիոյի աշխատակազմից տեղեկացանք, որ Փաշինյանն ինքն է ցանկություն հայտնել հյուրընկալվել Ռադիոյին' հարցազրույց տալ, ավելին՝ տնօրինությունը հարցազրույց վարելու համար մի քանի պատրաստված լրագրողի անուն է տվել, սակայն Փաշինյանն ինքն է ընտրել «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը եւ դրա վարող Բարեղամ Ղուկասյանին:

Հավանաբար' նախապես ուսումնասիրել են նրա վերաբերմունքը եւ պատրաստվածության աստիճանը, որ իր վիճելի մտքերին չհակադրվեն եւ դրանց սնանկությունը եթերում չբացահայտեն: Ընդ որում' նախօրեին էին տեսագրել-ձայնագրել հարցազրույցը, սակայն այդ օրը հեռարձակում էին «ուղիղ եթեր» խորագրի ներքո»: