«Փաստ» օրաթերթը գրում է.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման մեջ: Նպատակն է կանոնակարգել ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված հարցերը: Նշվում է, որ ներկայում ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված առկա են խնդիրներ, մասնավորապես՝ բնակավայրերից դուրս տարածքներում ավտոճանապարհների կողային տեսանելիության, ճանապարհների մուտքերին և ելքերին ներկայացվող պահանջների, պաշտպանական գոտիներում հողերի նպատակային նշանակության և կառուցապատման իրականացման թույլտվություններում տեղ գտած թերությունների, ինքնակամ կառուցված օբյեկտների կանոնակարգման հետ։
Քիչ չեն դեպքերը, երբ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձինք դիմում են պետական ճանապարհային մարմնին՝ ՏԿԵՆ-ին, դեպի կառուցապատված տարածք մուտքի և ելքի թույլտվություն ստանալու խնդրանքով, մինչդեռ կառուցապատման փաստաթղթերը նախապես չեն համաձայնեցվել նախարարության հետ, որոնք սպառնում են ճանապարհային երթևեկության անվտանգությանը և կարող են ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառ դառնալ։ Բացի այդ, գործող որոշմամբ կառուցապատման առաջարկությունների փաստաթղթային փաթեթում անհրաժեշտ է ներառել նաև օբյեկտի մոտով անցնող ճանապարհահատվածի երթևեկության կազմակերպման սխեման, քանի որ դրանց բացակայությունը ճանապարհային երթևեկության անվտանգության տեսանկյունից խնդիրներ են առաջացնում և կարող են ՃՏՊ-ների պատճառ հանդիսանալ։
Առաջարկվում է համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինության կոմիտե, ՏԿԵՆ, ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում շահագրգիռ այլ պետական մարմիններ (կազմակերպություններ) կառուցապատման առաջարկության համաձայնեցմանը ներկայացվող փաստաթղթերի փաթեթում ներառված իրավիճակային հատակագծում նախատեսել ինժեներական հաղորդակցուղիների առկայության վերաբերյալ տվյալներ, միջպետական և/կամ հանրապետական նշանակության ճանապարհների եզրից հաշված կառուցվող օբյեկտների հեռավորությունը, տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը դեպի կառուցվող օբյեկտների, ինչպես նաև օբյեկտների սպասարկման և շահագործման համար անհրաժեշտ ավտոմեքենաների կայանատեղերի կազմակերպման և ճանապարհի եզրից դրանց հեռավորության վերաբերյալ տեղեկատվության ներկայացում:
Բացի դա, առաջարկվում է գործող որոշման 8-րդ կետի 2-րդ պարբերությունում ավելացնել միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում մինչև այս որոշման կառուցապատման առաջարկությունների փաստաթղթերի կազմելը համայնքի ղեկավարի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման գործառույթները նաև ՏԿԵՆ-ի, ներքին գործերի նախարարության և օրենքով նախատեսված պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների հետ համաձայնեցնելու պահանջ: Միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման արդյունքում անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի տեղադրումը իրականացվելու է կառուցապատողի միջոցների հաշվին։ Կահավորանքի հետ կապված աշխատանքների՝ սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայնեցվում են ՏԿԵՆ-ի և ներքին գործերի նախարարության հետ: Առաջարկվում է սահմանել այլ պահանջներ ևս: