Թուրքիայի քաղաքացիները 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում 3 բնակարան են ձեռք բերել բազմաբնակարան բնակելի շենքերում, բոլորը' Երևանում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կադաստրի կոմիտեն' պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Նշենք, որ 2022 թվականին Թուրքիայի քաղաքացիները ՀՀ–ում 11 բնակարան էին ձեռք բերել, կրկին Երևանում։
Կադաստրի կոմիտեից տեղեկացրել են նաև, որ Ադրբեջանի քաղաքացիները 2023-ին անշարժ գույք ձեռք չեն բերել ՀՀ-ում, մինչդեռ 2022-ին 2 անշարժ գույք էին գնել, մեկը' Երևանում, մյուսը' Լոռու մարզում (1 անհատական բնակելի տուն)։
«Հայաստանի Հանրապետությունում Թուրքիայի քաղաքացիների կողմից 2023 թվականին վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 2 բնակարան Երևան քաղաքում և 1 հողամաս Արարատի մարզում:
Նույն այդ ժամանակահատվածում Ադրբեջանի քաղաքացու կողմից վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան»,- հայտնում է կոմիտեն' չհստակեցնելով այդ երկրների քաղաքացիների ազգությունը:
2022 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում ոչ մի անշարժ գույք չէին վաճառել։