Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լուռ համաձայնությամբ ձգձգում են բանակցային գործընթացը, մեկը՝ հույսով, որ ժամանակը նոր հնարավորություններ կբերի իր երկրին և անձամբ իրեն, մյուսը՝ տհաճ զարգացումները հետաձգելու պարզ մտադրությամբ։ Այս հարցում Փաշինյանն ու Ալիևը դաշնակիցներ են։
Արցախյան հիմնախնդիրը, ինչպես նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները շատ ավելի ընդգրկուն և բովանդակալից են, քան Փաշինյանի և Ալիևի նեղ անձնական շահերը։ Սա աշխարհաքաղաքական խնդիր է, որի շրջանակում կենսական նշականության նպատակներ են հետապնդում Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ԱՄՆ-ն և այլ կենտրոններ։
Աշխարհաքաղաքական կենտրոնների տարածաշրջանային շահերը հայտնի են և շատ բացահայտ են հետապնդվում վերջիններիս կողմից։ Բնականաբար, հենց այդ ծրագրերով ու դրանց ետևում կանգնած տերությունների գործունեության արդյունավետությամբ են պայմանավորված բոլոր այն զարգացումները, որոնք այսօր տեղի են ունենում Հարավային Կովկասում և որոնք պետք է կանխորոշեն մեր տարածաշրջանի ապագան։
Արևմուտքն ամեն ինչ անում է, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի Հարավային Կովկասից։ Որպես այդ խնդրի լուծման ուղի նրանք տեսնում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հակամարտությունների կարգավորման միջոցով տարածաշրջանում ռուսական ռազմական ներկայությունն անիմաստ ու ժամանակավրեպ դարձնելը։
Ռուսաստանն իր հերթին պայքարում է ոչ միայն մեր, այլև հետխորհրդային ողջ տարածաշրջանում ազդեցությունը վերականգնելու և մեծացնելու համար։ Սակայն այդ պայքարում Ռուսաստանի իշխանությունները որոշակի առաջնահերթություններ են սահմանել աշխարհաքաղաքական մրցակցության ճակատներում՝ առաջնայնությունը տալով ոչ թե Հարավային Կովկասին, այլ Ուկրաինային։
Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք առճակատման հաջորդ հարթությունը տարածաշրջանի կոմունիկացիոն հնարավորություններն ու ենթակառուցվածքներն են։ Եվ սա հենց այն ոլորտն է, որտեղ Թուրքիան առաջարկ ունի թե՛ Ռուսաստանին և թե՛ Արևմուտքին։ Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը նույնպես կախված է կոմունիկացիաների հարցում աշխարհաքաղաքական մրցակցության ելքից։
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը և հատկապես խաղաղության պայմանագրի ստորագրումը պայմանավորված են լինելու ոչ թե Ալիևի ու Փաշինյանի ջանքերով, այլ աշխարհաքաղաքական մրցակցության արդյունքում ձևավորված ուժերի ու ազդեցությունների նոր բալանսով։ Մինչ այդ մրցակցության ավարտը Հայաստանն ու Ադրբեջանը շարունակելու են գործիք լինել ավելի մեծ տերությունների ձեռքում»։