«Հրապարակ» թերթը գրում է. «Փնթի, անգրագետ, անփույթ աշխատանքը դարձել է իշխանության ամենաբնորոշ գիծը' անթիվ-անհամար սխալներ են թույլ տալիս փաստաթղթերում, մասնավորապես՝ օրինագծերի տեքստերում։ Որպես կանոն, առաջին փորձով չի ստացվում նորմալ օրինագիծ գրել, հետո անվերջանալի փոփոխություններ են սկսվում' թերացումը շտկելու, այլ օրենքների հետ համապատասխանեցնելու համար։

Դիցուք, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուպատոսության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որի նախաբանում նշվում է, թե ինչի մասին է փոփոխությունը. «ԱԳ նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայությունների․․․ մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է կառավարությունը»:

Իսկ հիմնավորումների բաժնում ներկայացվում է բոլորովին այլ՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» մասին օրենքի փոփոխությունների հիմնավորումը։ Ակնհայտ է, որ պետական ապարատը լցրել են անգրագետ խնամի-ծանոթ-բարեկամներով, եւ դրանից աշխատանքի որակն է տուժում։ Ստացվում է, որ ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում ոչ մեկը չի կարդացել տեքստը»: