«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մարտի 12-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր վարչապետը խոստացել այցելել Տավուշ եւ զրուցել բնակիչների հետ։ Այդ օրը գործադիրի ղեկավարը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ հատվածական դելիմիտացիայի՝ չբացառելով, որ գործընթացը կսկսվի հենց Տավուշի մարզից։
Մարտի 18-ին արդեն Փաշինյանը հանդիպեց Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Հանդիպումը հարթ չէր անցել. Փաշինյանը, ըստ բնակիչների, ասել է՝ եթե զիջումների չգնանք, պատերազմ կսկսվի:
Վերջին օրերին Տավուշի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ակնհայտորեն լարված են եւ սկսել են ագրեսիվ դիմավորել գյուղեր այցելողներին։ Ոստիկանությունն արգելում է շատերի մուտքն անգամ, նույնիսկ եկեղեցի մտնելն են արգելել, օրինակ՝ Մարտական եղբայրության ներկայացուցիչներին:
Եւ, ահա, Փաշինյանի խոստացված մեկշաբաթյա ժամկետը երեկ լրացավ, սակայն ՀՀ վարչապետը Վրաստանից Հայաստան եկած պաշտոնական պատվիրակություններին դիմավորելու գործով էր զբաղված եւ տավուշեցիների մոտ ոչ էլ ներկայացուցիչ ուղարկեց:
Բնակիչների մի մեծ խումբ «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Փաշինյանը խոստացել է եթե ոչ 7, ապա 10 օր անց կվերադառնա՝ լսելու տեղի բնակիչների առաջարկները եւ կարծիքները։ Նա ասել է՝ եթե անգամ ինքն էլ չկարողանա գալ, իր ներկայացուցիչը կգա եւ կլսի նրանց խնդիրները։ Հենց այս պատճառով տավուշեցիները, որոնց գրեթե 70 %-ը խորհրդարանական ընտրություններին քվեարկել է Փաշինյանի օգտին, լռում են եւ հրաժարվում մեկնաբանել իրավիճակը կամ կարծիք հայտնել։ Նրանք դեռ հավատով սպասում են իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի խոստման իրագործմանը։ Եթե հիշենք «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերի մասին պատմող շարքը, ապա կարող ենք ասել, որ նրա համագյուղացիների սպասումները, հնարավոր է, այդպես էլ չարդարանան, կամ նրանք խորը հիասթափություն ապրեն»: