«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ը Զորավոր Սուրբ Աստվածածին Եկեղեցու բակում անցկացրեց «Զատկական փառատոն»-ը։
Այն անցկացվում է 3-րդ անգամ: Փառատոնի շրջանակում երեխաները և պատանիները ցուցադրեցին իրենց ձեռքի աշխատանքները և հանդես եկան երաժշտական կատարումներով։
««Զատկական փառատոն»-ը ներառական միջոցառում է, որի նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրսևորման և ինտեգրման համար:
«Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ն ապահովում է անվճար գեղարվեստական կրթություն սոցիալապես անապահով, հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Այսօր ժամանել են տարբեր մարզերի մեր խմբակների երեխաները, ներկայացնում են իրենց աշխատանքները»,- նշեց կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը։
Տնօրենի խոսքով՝ «Զատկական փառատոն»-ը կարևոր մշակութային իրադարձություն է, որը հնարավորություն է տալիս երեխաներին բացահայտել իրենց կարողությունները, գտնել նոր ընկերներ և նպաստել ազգային, համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու ձևավորմանը. «Տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի խոցելի խմբերին ինտեգրենք հասարակությանը, ցույց տանք իրենց արարելու ներուժը։ Անպայման իրականացնում ենք Զատիկին նվիրված փառատոն, քանի որ տոնը, կարծես, նոր կյանքի խորհրդանիշ լինի։
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: