«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլի 5-ին սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Ինչ խոսք, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու տեսանկյունից այս հանդիպումը կարող է կարևոր նշանակություն ունենալ։ Բայց իշխանամերձ, հատկապես արևմտամոլ մի շարք շրջանակներ արդեն իսկ լեգենդներ են հյուսում, թե այն տիեզերական իրադարձություն է։ Նրանք «սրտատրոփ» սպասում են այդ հանդիպմանը՝ նույնիսկ «բանակային» տարբերակով հետհաշվարկով օրեր ու ժամեր հաշվում՝ մնաց չորս օր, երեք օր և այդպես շարունակ: Նրանք այնպիսի թեզեր են առաջ քաշում, թե ապ ր ի լի 5-ից հե տո վեր ջ ա պ ե ս «կփրկվենք»։

Հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանից «փրկվելու» մասին է, որովհետև ո՛չ իշխանություններին, ո՛չ նշյալ շրջանակներին Հայաստանն ու Հայաստանի «փրկությունը» չեն հետաքրքրում: Նրանք միայն մեկ «երգ» գիտեն՝ հակառուսականություն։ Մնացածը նրանց համար երկրորդական է: Թե հետո ինչ կարող է տեղի ունենալ մեր երկրի հետ, նրանց, մեծ հաշվով, հետաքրքիր չէ. «դրամաշնորհներն» ու դրանք տվողներն ապրած կենան: Ինչևէ, վերադառնանք ապրիլի 5-ի հանդիպմանը: Նույնիսկ արևմտյան հեղինակավոր վերլուծական կենտրոններն են նշում, որ Հայաստանը շատ է կապված Ռուսաստանի հետ, իսկ Արևմուտքը տվ յալ պահին ընդամենը կարող է որոշակիորեն թուլացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից ու որոշակի այլընտրանքներ ստեղծել։

Հասկանալի է, որ իրականում Արևմուտքին հետաքրքրում են Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու սեփական շահերը, այլ ոչ թե տարածաշրջանում Հայաստանի թուլացած դիրքերի վերականգնումը։ Նույնիսկ խոսք չկա Հայաստանին զենք մատակարարելու մասին։ Ապրիլի 5-ի հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն էլ պաշտոնապես հայտարարել են, որ դրա օրակարգը լինելու է առավելապես տնտեսական։ Ճիշտ է, շեշտվում է նաև «անվտանգային» բաղադրիչը, սակայն դա, ըստ փորձագետների, կլինի գեղեցիկ հայտարարությունների տեսքով: Իրականում մենք տեղեկություններ ունենք, որ Բլինքենն ու ֆոն դեր Լայենը փորձելու են տնտեսական «բոնուսների հետ» կապված քննարկում ծավալել Փաշինյանի հետ։ Խոսքը մասնավորաբար 1 մլրդ դոլարի օգնության մասին է:

Ու սա՝ այն դեպքում, երբ տարիներ առաջ նույն Եվրամիությունից խոստացել էին Հայաստանին հինգ տարվա ընթացքում հատկացնել 2,6 միլիարդ եվրո՝ դրամաշնորհի և վարկի տեսքով։ Յուրաքանչյուր ֆինանսական և ոչ միայն ֆինանսական աջակցություն Հայաստանի համար կարևոր է, բայց, ըստ փորձագետների, այդ «բոնուսները» Հայաստանին, ավելի ստույգ՝ Փաշինյանին տրամադրվելու են կոնկրետ նպատակով, այն է՝ երկրի ներսում ամրապնդել իր լեգիտիմությունը և, ըստ այդմ, կարողանա այնպիսի քայլեր կատարել, որոնք կարող են հակազդեցություն առաջացնել։ Ինչպես Արևմուտքի քավորությամբ Պրահայում Փաշինյանը հրաժարվեց Արցախից, այնպես էլ այս փուլում պետք է կատարի այն զիջումները, որոնք խոստացել է Ադրբեջանին, ու սկսի քայլեր ձեռնարկել Հայաստանը Ռուսաստանից պոկելու ուղղությամբ։ Եվ ոչ միայն...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ