«Փաստ» օրաթերթը գրում է.
Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ: Նախագծի ընդունման նպատակը «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի հիման վրա Հայաստանում գյուղատնտեսական կամ արդյունաբերական նպատակներով արտադրական կանեփի օրինական շրջանառությունն ապահովելու համար արտադրական կանեփի ոչնչացումն իրականացնելն է: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով կարգավորվում են թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված հարաբերությունները:
Օրենքի 3-րդ հոդվածով սահմանված է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների օրինական շրջանառության հասկացությունը, այն է՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մշակում, արտադրություն, պատրաստում, վերամշակում, մեծածախ առևտուր, տեղափոխում, պահում, բացթողում, իրացում, ձեռքբերում, օգտագործում, առաքում, բաշխում, արտահանում, ներմուծում և ոչնչացում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան: Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված ցուցակում ներառված է նաև արտադրական կանեփը: Հիմք ընդունելով օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը՝ ընդունվել է «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-Ն որոշումը, որի 1.1-ին կետով սահմանված են նաև արտադրական կանեփի շրջանառության հատուկ կանոնները:
Օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ օրենքի 45.4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման, տիրապետման, օգտագործման և տնօրինման վերաբերյալ պահանջները սահմանում է կառավարությունը: Մինչդեռ ներկայում արտադրական կանեփի ոչնչացման վերաբերյալ իրավական կարգավորում առկա չէ: Կառավարության N 1157-Ա որոշմամբ արտադրական կանեփի գործունեության ոլորտում որպես վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին է ճանաչվել Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:
Կառավարության 2021 թ.-ի հուլիսի 15-ի «Արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի իրականացման լիցենզավորման կարգերը, լիցենզավորման հայտի ձևերը և այդ գործունեության տեսակների իրականացման լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1170-Ն որոշման N 3 հավելվածի 25-րդ կետի համաձայն՝ արտադրական կանեփի հետ կապված գործունեության իրականացման լիցենզիա ստացած անձանց մոտ գտնվող արտադրական կանեփի բույսերի նմուշառման կարգը և բուսախեժի լաբորատոր հետազոտությունների իրականացման միասնական տեխնիկական պայմաններն ու չափորոշիչները սահմանվում են առողջապահության և էկոնոմիկայի նախարարների համատեղ հրամանով: Այս նախագծով նախատեսվում են կարգավորումներ արտադրական կանեփի ոչնչացման վերաբերյալ, որի հիման վրա վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը կկարողանա պատշաճ կերպով իրականացնել իր գործառույթները: