«Փաստ» օրաթերթը գրում է.
Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին Նիկոլ Փաշինյանը մի ուշագրավ հայտարարություն արեց. «Պետք է խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»։ Ըստ Փաշինյանի, փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Եվ իսկապես, դժվար է չհամաձայնել, որ փոփոխությունների գործընթացը հեշտ չէ, բայց այլ հարց է, որ, ըստ էության, Փաշինյանն ինքնախոստովանություն է անում մի քանի «սեգմենտով»։ Նախ՝ ակնհայտ է, որ Փաշինյանն ինքնարդարացման հերթական արարի շրջանակներում խոստովանում է, որ փոփոխությունները ձախողվել են: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ոստիկանությանը, այլև ընդհանրապես այն բոլոր ոլորտներին, որոնց այս իշխանությունները ձեռք են տվել։
Ընդհանրապես, ո՞րն է փոփոխություններ կատարելու մոտիվացիան։ Ընդունված պրակտիկայի համաձայն, փոփոխությունները ձեռնարկվում են որևէ ոլորտում բարելավում ապահովելու նպատակով, ինչն էլ իրենից ենթադրում է ԲԱՐԵՓՈԽՄԱՆ իրականացում։ Բայց ՀՀ իշխանությունների ձեռնարկած փոփոխությունները իրավիճակի բարելավում չեն արձանագրում գրեթե ոչ մի ոլորտում: Այսինքն, այս պարագայում Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանության մի դրվագը վերաբերում է նրան, որ իրենք այդ փոփոխություններն անում են ինքնանպատակ, այսինքն՝ հենց այնպես ամենատարբեր ուղղություններով փոփոխություններ են կատարվում՝ առանց հաշվարկելու, թե ինչ հետևանքների կարող են հանգեցնել դրանք, առանց վերջնարդյունքի նպատակադրման։
Իսկ եթե վերջնական նպատակադրում չկա, հաշվարկ չկա, ապա վերջնարդյունքը կարող է ավելի վատը լինել, քան կար նախքան այդ գործող ստատուս քվոն։ Շատ դեպքերում էլ պարզվում է, որ այդ փոփոխությունները ոչ թե միտված էին դրական արդյունքներ ստանալուն, այլ ընդամենն իմիտացիա էին՝ ժողովրդին ցույց տալու համար, թե գործընթաց կա։ Օրինակ՝ արդեն տարիներ շարունակ սահմանադրական փոփոխությունների հարցը ներկայիս իշխանությունների օրակարգում է, բայց այդ փոփոխություններն այդպես էլ չեն իրագործվում։ Կարևորը՝ մեկը մյուսի հետևից սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովներ ստեղծվեն, ու թեման մնա հանրային քննարկումների մակարդակում։
Այդպիսով, հանրության ուշադրությունը պարբերաբար կշեղվի անվտանգային խնդիրներից։ Իսկ որոշ դեպքերում իշխանությունների նախաձեռնած փոխատեղումները նույնիսկ փոփոխություն համարելն է դժվար, քանի որ նրանք վերցնում, քանդում են նախկինում եղած գործող համակարգը, փոխարենը փորձում ստեղծել նորը, որը խարխուլ հիմքի վրա է, և դեռ հարցական է՝ արդյո՞ք այն կգործի։ Վերջապես՝ ամենակարևոր հանգամանքը. նույնիսկ եթե լավ գաղափար կա, ապա գործող իշխանությունների կողմից այն այնպես է իրագործվում, որ այդ գաղափարն ընդհանրապես կորցնում է իր նշանակությունը. ինչպես ասում են' ուզում էին ավելի լավ, ստացվեց՝ ինչպես միշտ։
Վերցնենք, օրինակ՝ «ակադեմիական քաղաքի» գաղափարը, որը թվում է շատ արդիական, բայց իշխանությունները որոշել են միանգամից քանդել եղած բուհական ու կրթական համակարգը, արհեստականորեն միավորել բուհերն ու կրթական հաստատությունները գերկենտրոնացնել մի վայրում։ Ու արդեն բազմաթիվ մասնագետներ շարունակաբար իրենց մտահոգություններն են հայտնում այս նախաձեռնության հետ կապված՝ ընդգծելով, որ ներկայացված տեսքով ծրագրի իրականացման դեպքում կրթության որակը ոչ միայն չի բարելավվի, այլև կտուժի։ Ամփոփելով՝ նախ նշենք, որ փոփոխություն ենթադրող ծրագրերի իրականացման համատեքստում հաշվի չեն առնվում առկա ռիսկերն ու վտանգները, ինչի մասին փաստացի խոստովանում է Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին»:
Այսինքն, նախօրոք իրավիճակի վերլուծություն և ախտորոշում չի կատարվում։ Երկրորդ՝ փոփոխություններ են կատարվում այն ժամանակ, երբ դրանք ուղղակի անհրաժեշտ չեն։ Այլ խնդիր է, որ դրանց իրականացման հարցում իշխանությունները որոշակի շահագրգռվածություն ունեն, քանի որ ֆինանսավորում են ստանում դրսից գրանտների, վարկերի կամ աջակցության այլ տեսակների տեսքով։ Այսինքն, գործ ունենք դրսից պարտադրված քայլերի հետ: Իսկ Փաշինյանի իշխանությունը վարպետացել է ուրիշների թելադրանքներն առաջ տանելու հարցում։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ