«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի վեց տարվա պաշտոնավարման ընթացքը նույնիսկ հպանցիկ վերլուծելով՝ կարելի է նկատել, որ իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկը եղել է հայության շրջանում առկա արժեհամակարգը քայքայելը։ Իսկ այն հյուծել են, որպեսզի կոտրեն հանրային դիմադրությունը այնպիսի քայլերի ձեռնարկման դեպքում, որոնք ընդհանրապես չեն բխում հայության և մեր պետականության շահերից։ Պատմությունը ևս վկայում է, որ այն պետությունները, որոնք չեն ունեցել հոգևոր և արժեքային հիմնասյուներ, արագ բարոյալքվել են, պարտություններ կրել, նվաճվել ու դարձել օտարների խամաճիկ, իսկ որոշ դեպքերում՝ նաև լքել պատմության արենան։ Իսկ այն հասարակությունները և պետությունները, որոնք հոգևոր ու բարոյական բարձր արժեքներ են կրում իրենց մեջ, նույնիսկ փոքր ուժեր ունենալով հանդերձ, ի զորու են դիմագրավել հզոր ուժերին։

Օրինակ՝ իրերի այսպիսի դրության պատճառով է, որ Աքեմենյան հզոր աշխարհակալ տերությունն այդպես էլ ի վիճակի չեղավ ծնկի բերել մի քանի հունական զարգացած քաղաք-պետություններին, ավելին՝ որոշ ժամանակ անց այդ կայսրությունը նվաճվեց հունական աշխարհի կողմից, և սկսվեց Հելլենիզմի դարաշրջանը։ Նույնպիսի օրինակներ կարելի է բերել նաև հայոց պատմությունից։ Երբ հայ ժողովուրդը միավորված է եղել իր արժեքային և հոգևոր գաղափարների ներքո, միշտ հաջողության է հասել ու հաղթանակած դուրս եկել։ Համառ պայքարի ու դիմադրության արդյունքում էր, որ արաբները ստիպված էին լքել Հայաստանը, ու նրանց տիրապետության փոխարեն հաստատվեց Բագրատունյաց թագավորությունը։

Նույնպես համառ ու անզիջում պայքարի, Մայիսյան հերոսամարտերի արդյունքում էր, որ 1918 թվականին կասեցվեց թուրքական բանակի առաջընթացը։ Իսկ մեկ այլ դեպքում, երբ Բագրատունյաց հայկական թագավորությունն ուներ բավարար ուժ ոչ միայն իր գոյությունը պահպանելու, այլև ընդլայնվելու համար, Վեստ Սարգսի, Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ու նրանց հարող ներկայացուցիչների կողմից տարվող պրոբյուզանդական քարոզի ու հայության դիմադրությունը կոտրելու, ինստիտուտները թուլացնելու արդյունքում Անիի բանալիները հանձնվեցին բյուզանդացիներին, իսկ Բագրատունյաց հայոց պետականությունը նվաճվեց։

Ուշագրավ է, որ 1918 թվականին, երբ դեռ հայկական անկախ պետականություն չունեինք, հայկական զինված ուժերը կարողացան դիմակայել թուրքական բանակին, իսկ 1920 թվականին, երբ արդեն քիչ թե շատ կայացած հայկական պետություն ունեինք, թուրքական բանակի ներխուժման առաջին իսկ օրից հայոց բանակը բռնեց նահանջի ճանապարհը՝ շարունակաբար ծանր պարտություններ կրելով: Իսկ պատերազմի վերջին շրջանում հատկապես տիրապետող դարձան շփոթությունն ու հուսալքությունը, որոնք ուղեկցվեցին նաև զանգվածային դասալքությամբ։ Բոլոր այս դեպքերը ավելի խոր վերլուծելու դեպքում կարելի է տեսնել, որ հայության համար մեծ նշանակություն է ունեցել նաև ղեկավարության դիրքորոշումը։ Ու մերօրյա իշխանությունները տևականորեն բարոյալքում են մեր հասարակությանը, քանդում արժեքային հիմնասյուները՝ քարկոծում բանակը, քարեր նետում եկեղեցու ուղղությամբ, խրախուսում ապազգային բարքերը։ Պետք է ընդունել, որ նրանք այս հարցում կարողացել են որոշակի հաջողության հասնել՝ բարոյալքել ու հուսահատեցնել մեր հասարակությանը, դարձնել ադապտացվող բոլոր բացասական երևույթների նկատմամբ։

Օրինակ՝ երբ նախքան 2018 թվականի իշխանափոխությունը որևէ մեկը, առավել ևս՝ պետության ղեկավարը հայտարարեր, թե Ղարաբաղն Ադրբեջան է, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ աղմուկ կառաջանար ու դիմադրություն կբարձրանար, իսկ հիմա կոնկրետ անտարբերություն է այս հարցի շուրջ։ Տպավորություն է՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Բայց այս մթնոլորտը միանգամից չի ձևավորվել, ոչ միայն վերջին վեց տարվա, այլև որոշակի ուժերի՝ տասնամյակների քայքայիչ գործունեության արդյունք է։ Ու եթե հայ ժողովուրդը համակերպվի Արցախի կորստի հետ, ապա կհամակերպվի նաև Տավուշի գյուղերի հանձնման, ինչու չէ՝ Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի հետ։

Բայց իշխանություններն այնքան առաջ են ընթացել այս հարցում, որ հիմա էլ հասել են հայ ժողովրդի համար այնպիսի նուրբ թեմայի, ինչպիսին Հայոց ցեղասպանության հարցն է, որի հետևանքների վերացման օրակարգի շուրջ միավորվում է ողջ հայությունը՝ անկախ բոլոր տարաձայնություններից։ Իսկ ո՞ւմ է ձեռնտու այսպիսի քաղաքականությունը։ Վերջին շրջանում Փաշինյանը շատ է խոսում կայսրություններից, բայց, ըստ էության, ստացվում է, որ իրենց այս քաղաքականությունն ուղղորդվում է նեոօսմանական կայսերական ամբիցիաներ ունեցող Թուրքիայի կողմից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ