«Փաստ» օրաթերթը գրում է.
Առողջապահության նախարարությունն առաջարկում է լրացում և փոփոխություններ կատարել կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի N 1369-Ն որոշման մեջ: Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու և բուժաշխատողների ռեգիստրի գործարկմամբ։ Ներկա կարգավորումների համաձայն, թեստավորմանը մասնակցելու նպատակով բուժաշխատողը առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմումը և օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է Մասնագիտական գործունեության հավաստագրման ազգային կենտրոն (ՄԳՀԱԿ): Այն ուսումնասիրում է նախապես ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունը օրենսդրության պահանջներին դիմումն ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:
Պահանջվող փաստաթղթերի ամբողջական չլինելու դեպքում կենտրոնը դրա մասին էլեկտրոնային տարբերակով ծանուցում է մասնակցին և առաջարկում դրանք ծանուցման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համալրել: Նշված ժամկետում ներկայացված փաստաթղթերը չհամալրելու դեպքում դիմումը մերժվում է: Գործող կարգի համաձայն, թեստավորման անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակվում է առողջապահության նախարարության և Առողջապահության ազգային ինստիտուտի (ԱԱԻ) պաշտոնական կայքէջերում թեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ և հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում (www.azdarar.am): Նախագծով սահմանվել են էլեկտրոնային տարբերակով բուժաշխատողների ռեգիստրի միջոցով թեստավորմանը մասնակցելու դիմում ներկայացնելու, թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ ծանուցում ստանալու, թեստավորման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կարգավորումներ։
Միաժամանակ, նախագիծը խմբագրվել է, և թեստավորման անցկացման վերաբերյալ հայտարարության հրապարակումը նախատեսվել է տեղադրել բուժաշխատողների ռեգիստրում և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում, քանի որ հիմնական տեղեկատվությունը բուժաշխատողները ստանում եմ նշված հարթակներից։ Ավելին, թեստավորման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ հայտարարության հրապարակումը և միայն դրանից հետո թեստավորում անցկացնելը ժամանակի առումով անհարմարություն է առաջացնում բուժաշխատողի համար՝ աշխատանքի անցնելու համար։
Ուստի, նախագծով այդ ժամկետը կրճատվել է, և հրապարակման հարթակները վերանայվել են։ Այսպիսով՝ նախագծի ընդունման արդյունքում թեստավորման ողջ գործընթացն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ բուժաշխատողների ռեգիստրի միջոցով և ժամանակի առումով գործընթացի տևողությունը էականորեն կրճատվում է։ Բացի դա, նախատեսվում է թեստավորման հայտարարությունը տեղադրել բուժաշխատողների ռեգիստրում և ԱԱԻ-ի պաշտոնական կայքէջում և բուժաշխատողներին համապատասխան ծանուցումներն ուղարկել բուժաշխատողների ռեգիստրի տվյալ բուժաշխատողի անձնական հաշվին։