«Փաստ» օրաթերթը գրում է.

Սոցցանցերում լինի կամ, ասենք, հենց վերջին օրերին տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, նույնիսկ բնական է, որ մեկ էլ կտեսնես՝ երկու-երեք հայրենակից սկսում են բորբոքված բանավիճել: Մի քանի թռուցիկ բառը բավական է՝ բանավեճի թեմայի կամ առարկայի մասին պատկերացում կազմելու համար: «Սրանք են մեղավոր... չէ, նրանք են մեղավոր... չէ, էն մյուսներն են մեղավոր...»: Երբեմն վեճն ավելի է բորբոքվում. «Այ, դուք հանձնեցիք Ղարաբաղը... ո՞նց թե, երբ արդեն հանձնած էր մի 20 տարի առաջ... ո՞նց թե՝ հանձնած էր...», ու գնա՜ց: Սխալվես ու մեջ ընկնես, ապա միանգամից բոլորը մոռանում են, որ մի րոպե առաջ այլ մեղավորներ էին նշանակում, շուռ են գալիս ու... հիմա էլ դու ես մեղավոր: Իսկ եթե լրագրող ես, ապա մեղավոր ու մեղավոր ես... Բայց սա՝ այնպես, սովորական դարձած ուղեկից խոսակցություն է:

Բայց այն, ինչ նախօրեին Սուրբ Աննա եկեղեցու մոտ ամփոփիչ հավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց արցախցի արտիստ Քաջիկ Հարությունյանը, իսկապես էլ մտորելու առիթ տվեց: Իսկ նա, ելույթի ընթացքում նկարագրելով Արցախի ու արցախցի մեր հայրենակիցների հետ կատարված ողբերգությունն ու աղետը, մասնավորապես ասաց. «Ո՞վ է այդ ամենի մեղավորը, ժամանակը կպարզի»: Այսինքն, ինչպե՞ս թե «ժամանակը կպարզի»: Իսկ ի՞նչ է, ժամանակակիցներս, կարելի է ասել՝ ականատես-վկաներս չենք տեսնո՞ւմ, չգիտե՞նք, թե «ով է մեղավորը»: Այսինքն, էլ ի՞նչ պիտի լինի, որ մենք հասկանանք (նկատի ունեմ՝ որպես հանրույթ, որպես հասարակություն), թե հատկապես ով է մեղավոր և մեղքն ինչ փուլերով գործեց: Եթե կան հայրենակիցներ, որ դեռ ուզում են տաքացած բանավիճել կամ վիճաբանել, ապա թերևս արժե հորդորել՝ հանդարտվե՛ք, սիրելի հայրենակիցներ ու ազգակիցներ, հանդարտվե՛ք: Պաղե՛ք, մտորե՛ք ու համադրե՛ք ակնհայտ ու հանրահայտ փաստերը: Երբ դա անեք, պարզորոշ կտեսնեք բացահայտը. Արցախը հանձնել, ավելին՝ ուրացել է 1 մարդ, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է:

Հասկանալի է, այս դեպքում սոսկ «1 մարդ» չէ, այլ Նիկոլ Փաշինյանը՝ իր քպական թիմով, իր սատելիտների աջակցությամբ: Խոսքը տվյալ դեպքում քրեաիրավական առումով մեղավոր լինելու մասին չէ: Այ, դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք ժամանակին կտան պատասխանը: Խոսքը կոնկրետ քաղաքական պատասխանատվության (այս դեպքում՝ անպատասխանատվության) և այդ առումով՝ մեղավոր լինելու մասին է, ինչից, իհարկե, կարող է բխել քրեաիրավականը: Գուցե արժե՞ թեթևակի հիշեցնել հանրահայտ դրսևորումները: Օրինակ՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, հայտարարեց «սեփական կետից բանակցելու» մասին: Կամ այն, որ «սեփական կետից» նրա բանակցելը գործնականում վերածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության տորպեդահարման: Կամ՝ այն, որ բանակցային գործընթաց ասվածը վերածվեց «վերելակային դիվանագիտության», «զապիսկաներով» Ալիևի հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների, որոնց մասին ոչինչ գործնականում չբարձրաձայնվեց:

Իսկ ո՞վ ելավ ու Ստեփանակերտի կենտրոնում հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Ցանկացած ոք կարող էր նման բան հայտարարել կամ կրկնել հերոս Լեոնիդ Ազգալդյանի՝ Արցախի ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ հարցազրույցում ասած այդ արտահայտությունը: Ցանկացած ոք, միայն ո՛չ այն անձը, որը պետության ղեկավարի կարգավիճակ ունի և գլխավոր բանակցողն է ի պաշտոնե: Այդ ժամանակ էլ ցանկացած ողջամիտ մարդ հասկանում էր, որ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ պատերազմական գործողությունների ուղիղ հրահրում: Դա թշնամու ձեռքը հաղթաթուղթ ու բանակցային (քաղաքական) գործընթացից դուրս գալու և ռազմական գործողությունների անցնելու լեգիտիմ (շատ են սիրում ՔՊ-ում այս բառը, չէ՞) հնարավորություն տալ էր նշանակում: Ու այդպես էլ եղավ:

Կարելի է էլի ու էլի թվարկել բազմիցս արծարծված փաստարկները: Բայց այստեղ փաստարկների քանակը չէ: «Քար ծակող», այն է՝ անհերքելի փաստերը չեն: Դրանց շարքում ամենից անհերքելին այն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը, Շառլ Միշելի ու Մակրոնի ներկայությամբ, Ալիևի ու Էրդողանի առաջ պարտավորվեց, որ կուրանա Արցախը: Եվ ուրացավ: Պաշտոնապես և ի լուր բոլորի դա արեց 2023-ի գարնանը, իսկ աշնանն արդեն հանձնեց: Այնպես որ, մի լարեք միմյանց նյարդերն ու ջղերը, հարգելի հայրենակիցնե՛ր, մեղավորն ակնհայտ է: «Ի՞նչ անել» դասական հարցի պատասխանն էլ է ակնհայտ, ու դա ակնհայտ էր առնվազն 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսյալ: Իշխանությունից հեռացնել մեղավորին, պարտության, մահաբերության, պատերազմաբերության ու կորստաբերության խորհրդանիշին, թշնամու հետ ձեն-ձենի տված՝ մեր ժողովրդին պատերազմով սպառնացողին:

Արցախի կորստի, Հայաստանի Հանրապետությանը պատուհասած աղետների, սուբյեկտայնության, ինքնիշխանության շեշտակի անկման համար մեղավոր են Նիկոլ Փաշինյանը, իր «քաղաքական թիմը», իրենց աջակցող սատելիտները: Հա, մնացած բոլորս էլ ենք մեղավոր, բայց մեղավոր ենք այն բանում ու այնքանով, որ թույլ ենք տվել (ու դեռ տալիս), որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն շարունակեն պաշտոնավարել ու լինել իշխանություն: Սա, ցավոք, բոլորիս է վերաբերում. և՛ այս 3-4 տարին ակտիվ պայքարողներին, և՛ հատկապես անտարբերության մեջ պարուրվածներին, և՛ «քաղաքականությամբ չզբաղվողներին», և՛ «գլուխը կախ իրենց գործն անողներին»: Ուրեմն, բավարար կամ լիարժեք չենք պայքարել, ուրեմն, չենք կարողացել ինչպես հարկն է՝ մարդկանց բացատրել, ուրեմն այս, ուրեմն՝ այն: Բայց հիմա դա չէ հարցը: Հիմա հարցն այն է, որ մեղավորն ակնհայտ է: Ինչ անելը՝ պարզ է: Մնում է՝ անելը: Առնվազն՝ անողներին չխանգարելը: Հակառակ դեպքում, բոլորս ենք դառնում մեղսակից, իսկ հայրենազրկում թույլ տալն այնպիսի մեղք է, որի տակից շատ դժվար է դուրս գալ, եթե ընդհանրապես հնարավոր է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ