«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը նոյեմբեր ամսին հոդված էր հրապարակել՝ «Անահատական բնակելի տուն, հողամաս, 2 բնակարան և այլն. ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանը» վերտառությամբ։
Գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որը Կապանում ՔՊ-ական իշխանությունների թեկնածուն էր եւ խայտառակ պարտություն կրեց, հեղափոխությունից հետո մեծ ձեռքբերումների է հասել:
Դավիթ Դանիելյանը հեղափոխությունից հետո ձեռք է բերել 2 բնակարան բազմաբնակարան շենքում՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մեկ անհատական բնակելի տուն եւ հողամաս Դանիելյանը հայտարարագրել է Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում 2015 եւ 2021 թվականներին։
Դանիելյանը 2021 թվականին ձեռք է բերել Kia մակնիշի մեքենա՝ 2012 թվականի արտադրության։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները կազմել են 8 մլն դրամ, իսկ տարեկան եկամուտները՝ 15 մլն 197 հազար դրամ։
Դանիելյանի եկամուտներից 7 մլն 766 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Դանիելյանը 18 հազար եվրո եկամուտ է ստացել ոմն Արտակ Խաչատրյանից․ ինչի դիմաց՝ պարզ չէ. թերեւս իրավապահների պարզելիքն է: