Եթե իմ գործակալ լինելու մասին զրպարտանքները ԱԱԾ-ն հերքել է, ուրեմն թող այդ բոլոր զրպարտողներին պատասխանատվության ենթարկեն։ Այս մասին հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը:
Նշենք, որ այսօր ԱԱԾ-ն պաշտոնապես հերքում է տարածել՝ նշելով, որ Բագրատ Սրբազանը գործակալ չէ, միլիոնավոր դոլարներ չի ստացել:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել Սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։