«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքական լիդերներն ու հասարակական բոլոր գործիչները, ինչպես նաև խոշոր գործարարները, գիտության, մշակույթի ու սպորտի ականավոր ներկայացուցիչները պարտավոր են իրենց գնահատականը հնչեցնել ինչպես համաժողովրդական շարժման, այնպես էլ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության վերաբերյալ։ Նման տեսակետ է հայտնում «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:
Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ Արման Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում կարևորում է այն հանգամանքը, որ այս համաժողովրդական շարժումը հստակ հասել է այն կետին, որ երկրի քաղաքական օրակարգը որոշվում է փողոցում, և ոչ ոք չի կարող դա անտեսել։ Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, ապա Վարդանյանը կարծում է, որ դժվար թե իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը դավաճանի Փաշինյանին։
«Առաջին պատճառը ՔՊ-ի կտրուկ հրաժարումն է իր հեղափոխական գաղափարախոսությունից։ Երկրորդը սեփական թիմի դեմ կոմպրոմատների մեծ թղթապանակներն են, որոնք կենտրոնացած են վարչապետի ուժայինների ձեռքում: Երրորդը աշխարհաքաղաքական բաղադրիչն է, այն է՝ ԱՄՆ-ի դեմոկրատների ներկայության պահպանումը տարածաշրջանում նույնիսկ ներքաղաքական ցնցումների պայմաններում։ Դրա վառ ապացույցն են Վրաստանում տեղի ունեցող բողոքի երկարատև ակցիաները ընդդիմության կողմից։ Աշխարհաքաղաքական մյուս խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի համար կարևոր են տարածաշրջանում կայունությունն ու Հայաստանում ազգային, պետական արժեքներ կրող իշխանության առկայությունը:
Իսկ ռեգիոնալ ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից»,-նշում է «Միասնություն» շարժման ղեկավարը։ Արման Վարդանյանը նաև կարծում է, որ եթե ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական գործընթացները տապալվեն, ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է սկսի ՀՀ ԱԺ-ի լուծարման և ապալեգիտիմացման պրոցես՝ հրաժարվելով մանդատներից՝ պայմանով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ցուցակների հաջորդ բոլոր համարները նույնպես հրաժարվեն վերցնել մանդատը։
«Իսկ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների հայտարարմանը հասնելուց հետո Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար։ Ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ անգամ նմանատիպ սխալ թույլ տալ,-ասում է Վարդանյանը՝ շեշտելով.Բավական է ծանրութեթև անել: Բոլոր ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ պարտավոր են աջակցել համազգային շարժմանն ու կանգնել ժողովրդի կողքին»: