«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2021 թվականի սեպտեմբերի 8-ից Գեղարքունիքի մարզի մարզպետ նշանակված Կարեն Սարգսյանը 2023 թվականին միանձնյա սեփականությամբ նոր հողամաս է ձեռք բերել Կոտայքի մարզի Ջրվերժ համայնքում, որի արժեքը կազմել է 12 մլն 500 հազար դրամ՝ գրեթե 32 հազար ԱՄՆ դոլար։
Նախկինում Հայաստանում որեւէ գույք չունեցող մարզպետը կառավարման 3 տարում 12,5 մլն դրամ արժողությամբ հողամաս է ձեռք բերել, ըստ ամենայնի, օգտագործելով մարզպետի իր հնարավորություններն ու կապերը (մանրամասները կպարզենք):
Կարեն Սարգսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է նաեւ դեռ վաղեմի՝ 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունում գնված բազմաբնակարան շենքում գտնվող 1 բնակարան։
Այս բնակարանի ձեռքբերումը համընկել է Սարգսյանի արտագնա աշխատապքի տարիներին՝ 2009-ից 2015 թվականներին, երբ նա էլ շարքային «խոպանչի» էր ՌԴ-ում ու չէր էլ հարկվում հավանաբար։
Նկատենք, որ ՀՀ-ում բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող Կարեն Սարգսյանը 2016 թվականից մինչ օրս՝ գրեթե 8 տարի, այդպես էլ չի կարողանում ավարտել Մոսկվայի մարզային իրավունքի եւ կառավարման ինստիտուտի մենեջմենթի բաժինը, քանի որ, ըստ կենսագրության, մինչեւ այսօր սովորում է այնտեղ, եւ ինչպես ինքը կպարզաբաներ՝ մարզպետ լինելուն զուգահեռ չի կարողանում ավարտել այն. այս հարցերի պարզաբանման նպատակով արված «Ժողովուրդ» օրաթերթի հեռախոսազանգերին Սարգսյանը չպատասխանեց:
Նշենք՝ մարզպետ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 126 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 500 հազար դրամ։
Գեղարքունիքի մարզի նախկին «խոպանչի» մարզպետի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 16 մլն 976 հազար դրամ։
Կարեն Սարգսյանը Թռչուն Սարգսյանից նախորդ տարի ստացել է 700 հազար ռուբլի նվիրատվություն, որ համարժեք է 3 մլն եւ ավելի դրամի։
Ըստ մարզպետի կենսագրության՝ նախկին մարզական լրագրող Կարեն Սարգսյանն այսօր զբաղեցրած պաշտոնում ստանում է 13 մլն 952 հազար դրամ աշխատանքի վարձատրություն ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի հայտարարագրի, ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնից հասկանում ենք, որ Կարեն Սարգսյանին պատկանող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը կազմել է 3 մլն 700 հազար ռուբլի՝ գրեթե 16 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզպետ, 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի, 01 QA 110 համարանիշի եւ Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի, 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկային: Պարզվել էր՝ Mercedes-ի վարորդը' մարզպետ Կարեն Սարգսյանը, եղել էր ոչ սթափ վիճակում: Ահա պետական պաշտոնյայի վարքագիծը. հարբած մեքենա է վարում, պաշտոնին զուգահեռ տարիներով իբր սովորում է Մոսկվայում, հող է գնում, որ հետո ասի՝ խոպանի փողերով տուն է սարքում ծնողների համար, ինչպես ՏԿՆ Գնել Սանոսյանը»: