Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու մոտ կառուցվող շատրվանների և տարածքի բարեկարգման, ինչպես նաև տույաների չորացման և տույաների գնի վերաբերյալ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը պարզաբանում է տարածել:
«Տույաների գնի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչությունն իրականացնում է ուսումնասիրություն, որի ավարտից հետո կտրվի համապատասխան մեկնաբանություն։
Տույաների չորացման, ինչպես նաև շինարարության ընթացքում և երաշխիքի ժամկետի շրջանում առաջացած թերությունների դեպքում շինարարը պարտավոր է վերականգնել այն և բերել պատշաճ տեսքի։
Նշեմ, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն։
Հավելեմ նաև, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությունում դեռ նախորդ շաբաթ տեղի է ունեցել շինարարի հետ հանդիպում, վերջինս պատրաստակամ է շտկել բոլոր այն թերությունները, որոնք առաջացել են շինարարական աշխատանքների ընթացքում, այդ թվում ծառերի մասով»,- ասված է պարզաբանման մեջ:
Նշենք՝ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանն այցելել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ քաղաքապետարանի հիմնած նոր այգին ու բացահայտել, որ տնկած տույաները գրեթե ամբողջությամբ չորացել են։
Նա տեսանկարահանել էր տարածքն ու տույաները ու նշել, որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը 20-40 հազար դրամ է: