Hraparak.am-ը գրել է.

«Կիրանցի դպրոցում փաշինյանական ողջ թատրոնը արար առ արար, տարբեր դրվագներով ներկայացվեց։ Ես դրանց չեմ անդրադառնա։ Միայն կավելացնեմ, որ նման սուտ, որ Փաշինյանը հրամցրեց Կիրանցում, վեր է բոլոր պատկերացումներից։ Նա հայտարարեց, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր․

«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարևոր արձանագրում է»։

Սա պարզ արձանագրում էր, թե ինչպես է նա պատկերացնում Հայաստանի անվտանգությունը։ Հայաստանում պետք է Կիրանցի նման անվտանգություն լինի․ Ադրբեջանը պիտի թառի գյուղերի, մեր բարձունքների, մարտավարական դիրքերի գլխին, հսկի մեզ, որ Հայաստանը անվտանգ լինի։ Սա է նրա պատկերացրած անվտանգությունը և եթե ուզում եք իմանալ, թե նա ինչ 13 կետերի է համաձայնվել Ադրբեջանի հետ, այդ շրջանակից դուրս մի պատկերացրեք։ Փաշինյանի խաղաղության ծրագիրը Ադրբեջանին մեր տուն բերելն է։ Դա ոչ թե խաղաղության , այլ Ադրբեջանին մեր տուն բերելու երկկողմ ծրագիր է։ Պարզ բացատրեմ։ Ում որ տուն են բերում, նա տուն մտնելուց չի կրակում։ Մտնում է հեզ՝ միատեղ խաղաղ ապրելու թույլտվությամբ։ Բերողն էլ գիտե, որ նա սկզբնական շրջանում իրեն կդրսևորի խաղաղ կողմ։ Նա Կիրանց էր գնացել՝ իբր թե իր արևին զարմացնելու մարդկանց․ տեսեք ի՜նչ խաղաղ ենք, ադրբեջանցին չի կրակում, Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր։ Կիրանցը այն օրինակն է, որի նմանակով պիտի հերձվի Հայաստանը։ Մարդիկ կասեն՝ դե ի՞նչ է եղել, մեզ վրա չեն կրակում, իրար կողքի հանգիստ ապրում ենք․․․ Իսկ թե ինչքան դա կտևի՝ մեկ ամիս, երկու ամիս, դա Փաշինյանին հետաքրքրում է այնքանով, որ այդ ժամանակընթացքում ինքը աթոռը կպահի։ Իսկ Ալիևը գիտե իր անելիքը, ամեն օր, ամեն ժամ տարբեր խոսափողներով բարձրաձայնում է։ Մնում է Փաշինյանին ընդամենն ասել՝ դու լավ բանը բաց թողնողը չես։ Եթե Կիրանցն ամենանվտանգ տեղն է, նստատեղդ փոխիր, որ քեզ չկորցնենք․․․»: