«Ահա չորս պատճառ՝ ինչու հաջորդ տարին կարող է դառնալ Ուկրաինայում պատերազմի ավարտի տարի, և բազում պատճառներ՝ ինչու տեսանելի ապագայում այն կարող է շարունակվել»,-«Պատերազմը Ուկրաինայում կավարտվի՞ սրդյոք 2025 թվականին» վերնագրված հոդվածում գրում է The National Interest պարբերականը:
«Նախ, դա Ռուսաստան Կուրսկի մարզում Ուկրաինայի փայլուն և համարձակ ռազմական ներխուժումն է: Կարճաժամկետ կտրվածքով դա մեծ փոփոխություն մտցրեց՝ պատերազմը փոխադրելով Ռուսաստանի տարածք և ցույց տալով, որ Ռուսաստանը խոցելի է: Իրադարձություննրի նման զարգացումը, հավանաբար, ռուսների շրջանում պուտինյան պատերազմի շարունակությունը էլ ավելի վիճելի դարձրեց: Ռուսաստանի վրա հարձակումը միաժամանակ Ուկրաինայում բարձրացրեց բարոյական ոգին:
2024 թվականի մեծ մասի ընթացքում ուկրաինացիները ռազմական և տնտեսական դժվարություններ են ունեցել, ինչը հանգեցրել էր պատերազմի աջակցության թուլացմանը: Հարձակումը նաև դանդաղեցրեց ուկրաինական պատերազմին արևմտյան քաղաքական աջակցության անկումը: Դա իր հերթին Ռուսաստանի համար լրացուցիչ ռազմական և վարկանիշային ծախսեր է առաջացրել։ Եվ եթե ռուսական տարածքի օկուպացիան շարունակվի, դա պատերազմի ավարտի շուրջ ցանկացած բանակցություններում կարող է սակարկության մանրադրամ դառնալ»,-համոզմունք է հայտնել Խալիլզադը:
Փորձագետի կարծիքով, երկրորդ գործոնն այն է, որ Ուկրաինայի առաջխաղացումը Ռուսաստանի տարածք վտանգներ է պարունակում։
«Մոտ 10 հազար զինվորականի ստիպված են եղել դուրս բերել Արևելյան Ուկրաինայում իրենց նախկին կարևոր պաշտպանական առաքելությունից, և Ռուսաստանը որոշեց օգտվել իրեն ընձեռված այդ հնարավորությունից, ինչն էլ իսկապես արեց, հատկապես Դոնեցկում, որտեղ Պուտինը առաջընթաց է գրանցում: Ռուսական մարտավարությունը գնալով ավելի կոշտ բնույթ է ընդունում, ինչը հանգեցնում է ուկրաինացիների զոհերի ավելացմանը ինչպես արևելյան Ուկրաինայի մարտադաշտում, այնպես էլ այլ տեղերում:
Ռուսաստանի նպատակը, ըստ երևույթին, գալիք ձմռան համար Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները շարքից հանելն է: Դա հանգեցրել է ուկրաինական էներգետիկայի վրա հարձակումների ավելացման: Այս միտումը, ամենայն երևույթին, կշարունակվի: Արդյունքը, ըստ ամենայնի, կլինի էլեկտրաէներգիայի հասանելիության կրճատումը մինչև օրական մոտ տասներկու ժամ, ինչը զգալի բեռ կդնի խաղաղ բնակչության համար և, հավանաբար, պատերազմի շարունակությունն էլ ավելի կնվազեցնի հասարակական համակրանքը»,- գրում է փորձագետը։
Երրորդ, ընդգծում է հոդվածի հեղինակը, և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար ռազմական լուրջ էսկալացիայի հնարավորությունները «խիստ սահմանափակ են և վտանգներ են պարունակում»։
«Անշուշտ, Ուկրաինան կցանկանար մեծաթիվ հեռահար սպառազինություն ունենալ, որով կկարողանար ավելի անմիջականորեն սպառնալ Ռուսաստանին կամ ավելի անմիջականորեն ներգրավել ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի անդամներին հակամարտության մեջ: Երկրի ղեկավարն ու նրա թիմը հավանաբար կարծում են, թե այդ քայլերը կարող են փոխել պատերազմի ընթացքը հօգուտ իրենց։ Սակայն ամերիկյան և այլ առանցքային արևմտյան առաջնորդների գնահատմամբ՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրման և հակամարտությունների հնարավոր ռիսկերին առնչվող երկու տարբերակների հեռանկարները խիստ մռայլ են»,-շեշտել է Խալիլզադը:
«Ընդսմին, Ռուսաստանը ժամանակ առ ժամանակ սպառնում է միջուկային զենք կիրառել: Սակայն նման քայլը շատ առումներով վտանգներ է պարունակում և դժվար թե իրագործվի, բացառությամբ այն ծայրաստիճան արտառոց հանգամանքների, որ դա խիստ անհավանական կլինի»,- գրում է հոդվածի հեղինակը։
Նրա համոզմամբ՝ իրատեսական տարբերակների թվում են շուտափույթ կարգավորումը կամ կարգավորումը մի քանի տարի անց։
«Չորրորդ, ԱՄՆ-ում և Եվրոպայում միտումները պատերազմի անվերջ երկարաձգմանը չեն նպաստում։ Միացյալ Նահագների դերը որոշիչ էր Ուկրաինայի հերոսական դիմադրությանը աջակցելու գործում, իսկ եվրոպացիներն աջակցության երկրորդ աղբյուրն էին: Սակայն մեր նախագահական ընտրություններից հետո Միացյալ Նահանգներն, ըստ ամենայնի, ժամանակի ընթացքում կնվազեցնի իր աջակցությունը: Նախագահ Թրամփն արագ կհասնի դիվանագիտական լուծման, նախագահ Հարիսի համար ևս դժվար կլինի պահպանել աջակցության ներկայիս մակարդակը»,- գրում է փորձագետը։
Նա նշում է, որ միտումը Եվրոպայում, հատկապես Գերմանիայում, վերջին ընտրություններից հետո, երբ Ուկրաինայում պատերազմին աջակցող խմբերը լավ արդյունքներ ցույց տվեցին, ինչը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի նրան, որ Բեռլինը իր որդեգրած քաղաքականության մեջ էական շտկումներ կմտցնի:
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արդեն հայտարարել է իր վճռականությունը՝ հետամուտ լինել խաղաղության համաձայնագրի խաղաղ համաժողովի միջոցով, որին, ի տարբերություն Շվեյցարիայի վերջին խաղաղության համաժողովի, մասնակցելու է Ռուսաստանը։ Մեր ընտրություններից հետո Միացյալ Նահանգները և մեր դաշնակիցները ուկրաինական պատերազմի կարգավորումը բանակցությունների միջոցով որպես մեր առաջնային նպատակ պետք է ընդունեն։
Այս նպատակին հասնելու համար ռազմավարությունը պետք է երկկողմանի լինի. Ուկրաինային աջակցությունը պետք է ակտիվ մնա, քանի որ առանց դրա Պուտինը շահագրգռված չի լինի բանակցային կարգավորմամբ, և ողջամիտ ելքի համար բանակցությունների ձևերի և պայմանների վերաբերյալ անհրաժեշտ կլինի նույնքան ակտիվ փոխգործակցություն թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ»,- նշում է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը, գրում է պարբերականը: