ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վարշավայում անվտանգության միջազգային ֆորումում ասել է, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը՝ կապված ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հետ։
«Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ավելի զգույշ լինենք։ Գաղտնիք չէ, որ կայունությունը պետք է առաջնահերթություն լինի, իսկ այն գործընթացը, որը կարող է տեղի ունենալ, պետք է լավ հաշվարկվի, կառավարվի։ Նկատի ունեմ, որ սա հասարակ հարց չէ», - ասել է Միրզոյանը՝ պատասխանելով ՀԱՊԿ-ից դուրս գալու հնարավորության մասին հարցին։
Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ինչպես նաև չի պատրաստվում վերադառնալ նախկինում եղած հարաբերություններին․ «Մենք մեզ չենք տեսնում ռազմական դաշինքում, որը չի աշխատում»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար՝ ընդգծելով, որ կազմակերպության անդամ երկու երկրներ օգնել են Ադրբեջանին 2020 թվականին Արցախում ռազմական գործողությունների ժամանակ։