«Հրապարակ»-ի զրուցակիցը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
- Ասացիք, որ սահմանազատման կանոնակարգի մասին ՍԴ որոշմամբ իշխանությունն Ալիեւին ասաց, որ Արցախի «պատկանելությունն Ադրբեջանին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»։
- Իրապես, ՍԴ որոշումն այն մասին է, որ Արցախը մեր համազգային նպատակների հետ առնչություն չունի եւ եթե Ադրբեջանի կազմում է, ապա դա լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Հիմնավորումը պարզունակ էր, եւ դրա նախասկիզբը դրվեց Փաշինյանի կողմից այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձում, որտեղ նա ասաց, թե մի բան է Սահմանադրությունը, մեկ այլ բան՝ Անկախության հռչակագիրը, որ դրանք նույնական չեն, թե, տեսեք' Հռչակագրում գրված է. ԶՈՒ-ները ԳԽ-ին են ենթակա, բայց Սահմանադրության մեջ այդպես չէ։ Այս պարզունակ մոտեցումը, որը մանիպուլյացիա է, ՍԴ-ն զարգացրեց, փորձեց հիմնավորել, թե քանի որ որեւէ համազգային նպատակ, այդ թվում՝ հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված 2 հատվածների վերամիավորման նպատակը, որը կար 1989թ․ Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ վերամիավորման մասին փաստաթղթում, Սահմանադրության մեջ ուղղակիորեն գրված չէ, ուրեմն գոյություն չունի, հետեւաբար, Հռչակագրի միայն այն դրույթներն ունեն իրավական ուժ, որոնք արձանագրված են Սահմանադրության մեջ։
- Այսինքն՝ Փաշինյանն օգոստոսի 23-ի՞ն տվեց հրահանգը ՍԴ-ին եւ երբ խոսում էր «կարմիր լաթից» հրաժարվելու մասին։
- Իհարկե, ես դրանում համոզված եմ եւ կարծում եմ, որ ՍԴ այս որոշումը նախօրոք գծված մի ամբողջական սցենարի մաս էր, որին ավելանում է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը: Եթե համադրում ենք այս փաստերը, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Այնուամենայնիվ, ի՞նչ է արել ՍԴ-ն Արցախի վերաբերյալ որոշման մեջ․ աղավաղել է ՀՀ Սահմանադրության նախաբանի իմաստը, նպատակը եւ տվել մի այնպիսի մեկնաբանություն, որը որեւէ հիմք չունի Սահմանադրությունում։ ՍԴ-ի մեկնաբանությունը հակասում է նաեւ նախաբանի ստեղծման պատմությանը։ Սահմանադրության 1995թ․ սկզբնական տեքստը մշակել է 1990 թ․ ԳԽ կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովը, որն արտացոլում էր ԳԽ ուժերի հարաբերակցությունը, որտեղ կառավարող ՀՀՇ-ն մեծամասնություն էր։ Այդ ժամանակ 2 հստակ բեւեռ կար՝ իշխանական եւ ընդդիմադիր։ Իշխանականն ասում էր, որ ազգային խնդիրներն ընդհանրապես Սահմանադրության մեջ տեղ չպետք է ունենան, որ Հայ դատը, պահանջատիրությունը նորմատիվ դրույթ չեն, լրիվ հակառակն էր պնդում ընդդիմությունը։ 1994 թ․ հոկտեմբերի 8-ին այդ 2 բեւեռները կոմպրոմիսի եկան, որը փաստաթղթավորված է։ Սահմանադրական հանձնաժողովը, որն ընդլայնվել էր ի հաշիվ ընդդիմության ներկայացուցիչների, որոշեց, որ նախաբանում հղում է կատարվելու անկախության մասին հռչակագրին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 1994 թ․ հոկտեմբերի 11-ին տպագրված պաշտոնական հաղորդագրությունն արձանագրեց, որ Սահմանադրական հանձնաժողովում ելույթ ունեցողների մեծամասնությունն աննպատակահարմար գտավ հարցի արտացոլումն առանձին հոդվածների տեսքով։ Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները, հանգելով սկզբունքային համաձայնության, որոշել են Սահմանադրության հիմք ընդունված նախագծի նախաբանը խմբագրել նոր խմբագրությամբ՝ Անկախության հռչակագրին հղումով։ Այսինքն՝ եթե նայում ենք այս պաշտոնական հաղորդագրությանը, ակնհայտ է դառնում, որ սահմանադիրը Հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբան էր մտցնում ոչ թե նրա համար, որ հետագայում այդ համազգային նպատակները զարգացներ Սահմանադրության մյուս հոդվածներում, այլ՝ հակառակը․ չէր ուզում Սահմանադրության որեւէ հոդվածում ազգային խնդիրներին անդրադարձ կատարել եւ հղում կատարելով Հռչակագրին, արձանագրում էր, որ այդտեղ համազգային նպատակների առումով ամեն ինչ արտացոլված է։ Դրա համար էլ ՀՀ Սահմանադրությունն սկսվում է այս տողով․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները․․․»։ «Հիմք ընդունելով»-ը նշանակում է, որ Սահմանադրության ելակետը սա է, եւ համազգային նպատակները Սահմանադրության մաս են կազմում։
- 2020 թ․ հակասահմանադրական փոփոխություններով ՍԴ անդամ դարձածները, փաստացի, որոշել են այդ ելակետը փոխել։ Ունե՞ն այդ լիազորությունը։
- Իհարկե՝ ոչ, մենք գործ ունենք Սահմանադրության այնպիսի կամայական մեկնաբանության հետ, որը գլխիվայր է շրջում Սահմանադրության այդ դրույթի բուն իմաստը։ ՍԴ-ն, որը, Սահմանադրության եւ ՍԴ-ի մասին օրենքի համաձայն, պետք է լիներ անկախ մարմին, պետք է վերահսկեր գործադիրին, պարզապես քաղաքական պատվեր է կատարել։ Այն, ինչ Փաշինյանն ասաց օգոստոսի 23-ի ուղերձում, իրենք փորձել են իրավական շղարշի միջոցով «հիմնավորել»՝ պնդելով, թե Անկախության հռչակագիրն իր դերը կատարել է, եւ այս Սահմանադրությունը համազգային նպատակներ չի սահմանում, մասնավորապես, Արցախի հետ կապված։ ՍԴ-ն փաստացի վերացրել է նախաբանում համազգային նպատակներին տրված հղումը։ ՍԴ-ն վերազանցել է իր լիազորությունները, խեղաթյուրել արդարադատության էությունը, բայց ես քրեաիրավական տիրույթ հիմա չեմ ուզում մտնել, արձանագրում եմ փաստը' ՍԴ-ն խեղաթյուրել է ՀՀ Անկախության հռչակագրի նախաբանի բուն իմաստը։ Հռչակագրում ամրագրված նպատակները, մտցվելով նախաբան, դարձել են Սահմանադրության բաղկացուցիչ մաս, եւ Սահմանադրական հանձնաժողովը դրանք կոնկրետացնելու կարիք չի ունեցել։ Վլադիմիր Նազարյանը, որը 1995թ․ Սահմանադրության տեքստի հիմնական հեղինակն էր, «Ազգ» օրաթերթին 1994 թ. հոկտեմբերի 26-ի հարցազրույցում հստակ ասել էր, որ Անկախության հռչակագրում արձանագրված համազգային նպատակները դարձվել են Սահմանադրության բաղակացուցիչ մաս, նույնը գրել է Սահմանադրության ընդունումից հետո լույս տեսած Սահմանադրության մեկնաբանությունների գրքույկում։ Եվ դա միայն Նազարյանի մասնավոր կարծիքը չէ։ 1995 թ․ մայիսի 2-ին նա ԳԽ-ին է ներկայացրել Սահմանադրության նախագծի վերաբերյալ զեկույց, որում վկայակոչելով Ֆրանսիայի 1958 թ․ սահմանադրության օրինակը՝ ասել է․ 1789 թ․ հռչակագիրը պրեամբուլայում հղում կատարելու եղանակով ձեռք է բերել Ֆրանսիայի Սահմանադրության բաղադրամասի կարգավիճակ․ «Հանձնաժողովը նույնկերպ վարվեց Հայ դատի եւ Հայոց ցեղասպանության սահմանադրական արտացոլման հարցը լուծելիս․ նախագծի ներածական մասում հղում ամրագրվեց 1990 թ․ Հայաստանի անկախության հռչակագրին․․․, որով Անկախության հռչակագրի տեքստը դարձավ Սահմանադրության նախագծի բաղադրամասը»։
- Իսկ այդ համազգային նպատակները փոփոխելի՞ են, եւ ՍԴ-ն կարո՞ղ է դա անել, որոշել՝ արդիակա՞ն են այդ համազգային նպատակները, թե՞ ոչ։
- Ոչ, ՍԴ-ն այդտեղ որեւէ իրավասություն չունի, նրա առաքելությունը Սահմանադրությունը ճիշտ մեկնաբանելն է եւ դրա միջոցով Սահմանադրության գերակայությունն ապահովելը, ինչը նշանակում է, որ ցանկացած իրավական ակտ, որը Սահմանադրությունից ցածր է, պետք է ձեւով եւ բովանդակությամբ համապատասխանի Սահմանադրությանը, բայց ոչ մի պարագայում ՍԴ-ն իրավասու չէ փոխել Սահմանադրության տեքստը։ Այս որոշմամբ ՍԴ-ն գրիչը վերցրել է ձեռքը եւ ջնջել Անկախության հռչակագրում հաստատագրված «համազգային նպատակներ» բառերը։ Եթե մենք նայում ենք քաղաքական կոնտեքստը, պարզ է դառնում, թե ինչու է դա արվել․ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է Սահմանադրության փոփոխություն, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ նոր սահմանադրության ընդունումը կարող է լինել միայն 2026-ից հետո։ Հիմա որոշել են ՍԴ-ի միջոցով այդ փոփոխությունը կատարել՝ պարզապես ջնջել այդ բառերը։ «Համազգային նպատակներ»-ը փոխելու իրավասու սուբյեկտը միայն հայ ժողովուրդն է եւ միայն այն պարագայում, եթե համաձայնում է նոր սահմանադրություն ընդունել, եւ հենց դա է պատճառը, որ քաղաքական իշխանությունները ստիպված էին խոսել նոր սահմանադրության մասին, որովհետեւ միայն նոր սահմանադրություն ընդունելու միջոցով ժողովուրդը կարող է հրաժարվել այդ համազգային նպատակներից։ Ընդ որում, կան գիտնականներ, որոնք այն կարծիքին են, որ ընդհանրապես հնարավոր չէ հրաժարվել Անկախության հռչակագրից՝ նույնիսկ նոր սահմանադրության պարագայում։ Իշխանությունը «ճարպիկ» գտնվեց ու ՍԴ միջոցով որոշեց դա անել։
- Այդ որոշումն ի՞նչ հետեւանք է ունենալու ՀՀ պետականության համար: Ալիեւը Փաշինյանից նաեւ ապագայում Բաքվից որեւէ պահանջ չունենալու երաշխիք է ուզում։ ՍԴ-ն տվե՞ց այդ երաշխիքը։
- Ըստ էության, այս որոշումն այդ երաշխիքները տալիս է։ Մենք խոսեցինք Անկախության հռչակագրի մասին, որովհետեւ, ըստ էության, շեղվելով բուն խնդրից՝ ՍԴ-ն իր թիրախը դարձրել է Հռչակագիրը։ Բայց այդ կանոնակարգն իր մեջ պարունակում է շատ վտանգավոր դրույթներ, որոնց ՍԴ-ն ընդհանրապես չի անդրադարձել, չի վերլուծել։ Եթե մենք վավերացնում ենք այս կանոնակարգը, ոչ մի բան մեզ չի ապահովագրելու այն երեւույթի կրկնությունից, ինչ տեղի ունեցավ Տավուշում՝ Ադրբեջանի հետ որեւէ պայմանագիր չկնքվեց, որեւէ փաստաթուղթ չվավերացվեց, չգնաց ՍԴ եւ ԱԺ, բայց, փաստացի, ՀՀ տարածքը փոփոխության ենթարկվեց։ Հիմա, այս կանոնակարգում մի այդպիսի ռումբ է դրված՝ 5-րդ հոդվածի 1-ին մասում, որով առանձին տեղամասերի վերաբերյալ համաձայնության գալու մասին է խոսք գնում։ Ձեւակերպումը, թե սահմանազատումն առանձին տեղամասերում համարվում է համաձայնեցված, խիստ վտանգավոր է, որովհետեւ, որպես կանոն, միջազգային պայմանագիրը քանի դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ' ամեն ինչ նախնական է, բայց այս պարագայում «համարվում է համաձայնեցված» արտահայտությունը նշանակում է, որ այս կամ այն տարածքի հարցը լուծված է համարվում։ Իսկ եթե լուծված է համարվում, այդ տարածքի նկատմամբ իրավազորությունը փոփոխվում է։ Այս կանոնակարգը վավերացնելուց հետո Ադրբեջանը հզոր գործիք է ունենալու՝ Հայաստանից հետագա զիջումներ կորզելու համար։
- Այդ ռիսկերի թվում, բացի նոր տարածքային պահանջներից, փոխհատուցման խնդիրը կարո՞ղ է դրվել, որ ՀՀ-ն, իբրեւ թե, այսքան տարի զբաղեցրել է իր տարածքները եւ այլն:
- Այդ վտանգներն ամբողջությամբ կան, բայց կարծում եմ' Ադրբեջանը շատ ավելի պրագմատիկ է մտածում եւ միջազգային կառույցների միջոցով չի փորձում իր խնդիրները լուծել․ նա տեսնում է թուլակամ ու դավաճան իշխանություն եւ փորձում է կորզել այն ամենը, ինչը կարող է, եւ, բնականաբար, պատեհ առիթներով նման հարցադրումներ անելու է։ Հարց է տալու՝ Փաշինյան, եթե դու ասում ես, որ 1991թ․ սկսած՝ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջան, ի՞նչ գործ ունեիր, որ եկել էիր Ադրբեջան ու Շուշիում տրնգի էիր տալիս, իսկ Ստեփանակերտում հայտարարում էիր, թե Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Եթե մենք ՍԴ որոշման մեջ առկա մտացածին թեզը համադրենք իրականության հետ, իսկ իրականությունն այն է, որ ՀՀ-ն իր ստեղծման օրվանից նեցուկ է կանգնել Արցախին ու եղել է նրա անվտանգության երաշխավորը, դա ամրագրել բոլոր ռազմավարական փաստաթղթերում, բնականաբար, Ադրբեջանն ասելու է՝ այդ ի՞նչ էիք անում իմ տարածքում։ Ակնհայտ է, որ սա օգտագործվելու է ՀՀ-ի դեմ։ Մյուս վտանգավոր դրույթը, որին ՍԴ -ն եւս անդրադարձ չի կատարում, բայց հիշատակում է, Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելու սկզբունք է։ Մի՞թե ՍԴ-ի համար պարզ չէ, որ այդ հռչակագիրն առնվազն 2 պարզ պատճառով ոչ մի իրավական նշանակություն չունի․ նախ՝ Ադրբեջանը երբ այն ստորագրում էր, ԱՊՀ անդամ չէր, հետեւաբար, այդ հռչակագիրը վերաբերելի չէր Ադրբեջանին։ Եվ երկրորդ․ եթե անգամ Ադրբեջանը հենց 1991թ․ վավերացներ ԱՊՀ համաձայնագրին կից արձանագրությունը, ապա, միեւնույն է, հռչակագրում գրված չէ, որ ՀՀ-ն եւ Ադրբեջանը կամ ԱՊՀ պետությունները ճանաչում են միմյանց սահմանները։ Այնտեղ այդպիսի բան չկա, իսկ մենք խոսում ենք սահմանազատման հիմքերի մասին, որը կարող է լինել միայն այն, ինչի վերաբերյալ մինչ այդ պայմանավորվել են ՀՀ եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովները։ Սահմանների ճանաչման մասին ԱՊՀ շրջանակներում ընդունված առաջին փաստաթուղթը եղել է ոչ թե 1991թ․ հռչակագիրը, այլ՝ 1993թ․ ԱՊՀ կանոնադրությունը, որը խոսում է գոյություն ունեցող սահմանների ճանաչման մասին, իսկ 1991թ․ գոյություն ունեցող սահմանները տարբերվել են 1993թ․ սահմաններից։ Էլ ավելի վտանգավոր է կանոնակարգի փակագծերում գրված դրույթը, ըստ որի՝ իբրեւ հիմք ընդունված Ալմա-Աթայի հռչակագիրը կարող է փոփոխվել։ Եթե ՍԴ-ն գտնում է, որ այդ սկզբունքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա ինչպե՞ս կարող է առանց իմանալու, թե այդ ինչ նոր սկզբունք է որդեգրվելու, համարել, որ դա էլ է Սահմանադրությանը համապատասխանող։ Ստացվում է, որ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանում է ե՛ւ 1991թ․ սահմանը ե՛ւ, օրինակ, 1918 թ․ սահմանը։ Այդպես չի կարող լինել, դրանք մեկը մյուսին բացառում են։
- Իսկ սրանից հետո ի՞նչ է հնարավոր անել, թե՞ արդեն ամեն ինչ քաղաքական պրոցեսների դաշտում է։
- Ցավոք, մնացած ամեն բան քաղաքական պրոցեսների դաշտում է։ Սահմանադրության համաձայն, ՍԴ որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն։ Այս որոշումը ՀՀ-ի համար շատ ծանր հետեւանքներ է առաջացնում։ Ասում է, որ ՀՀ-ի կողմից Արցախին աջակցություն ցուցաբերելը նախընթաց տարիներին եղել է Սահմանադրությանը չհամապատասխանող, եւ սրանով ՍԴ-ն լեգիտիմացնում է Ադրբեջանի կողմից Արցախը կլանելու գործողությունը։ Այսինքն՝ եթե Արցախն ինքնորոշման իրավունք չունի, եթե Հայաստանը եւ Արցախը վերամիավորվելու որեւէ իղձ, համազգային նպատակ չունեն, հայ ժողովրդի 2 բաժանված հատվածներ գոյություն չունեն, ստացվում է, որ 2023թ․ սեպտեմբերին այն, ինչ արեց Ադրբեջանը, ամբողջությամբ լեգիտիմ էր եւ խիստ համապատասխան ՀՀ Սահմանադրությանը։