«Հրապարակ» թերթը գրում է. «Անդրանիկ Քոչարյանի կազմակերպած լսումները ՔՊ-ում «ռազբորկաների» առիթ են դարձել, քանի որ 71 հոգանոց ֆրակցիայից մասնակցում էր 2 տասնյակից էլ քիչ մարդ: Իսկ ներկաների մեծ մասի ներկայությունը դեկորատիվ էր, մի քանիսն էին իրենց ուսերին վերցրել ուժայիններին նեղը գցելու գործը։ ՔՊ-ականների բացակայությունը նկատեցին անգամ ընդդիմադիրները: Ագնեսա Խամոյանն անգամ Անդրանիկ Քոչարյանին խայթեց, թե նրա փոխարեն ինքը կվիրավորվեր ՔՊ-ի ակտիվությունից։ Մեր տեղեկություններով՝ լսումներից հետո այս թեման էլ է բավականին բուռն արծարծվել ՔՊ-ում:
ՔՊ-ականների պահվածքից վրդովված Քոչարյանը, պատմում են, այնպես է գոռգոռացել, որ անգամ միջանցքներում է լսելի եղել: Ասել է, թե բոլորը միայն ճառ ասողներ են, երբ գալիս է խոսելու պահը, թաքստոցներից դուրս չեն գալիս, որովհետեւ մտածելու բան ունեն։
Մեր աղբյուրը պատմեց, որ ներկուսակցական նիստերի ժամանակ ֆրակցիայի 99 տոկոսը' շատ մեղմ ասած, խիստ դժգոհություններ է հայտնում ուժայինների գործունեությունից, ոմանք անգամ հայհոյախառն բառապաշարով են արտահայտվում, սակայն այդ հոխորտացողները լսումներին չեն մասնակցել, քանի որ բոլորի վրա էլ «կեղտ» կա' չեն ուզում թարսվել ուժայինների ղեկավարների հետ։
Նկատենք, որ լսումները ցուցադրեցին, որ ՔՊ-ում չկա միասնականություն, ֆրակցիայում թեւեր ու ճյուղեր են գործում: Լսումներին, փաստորեն, ներկա էր այն խումբը, որը նախաձեռնել էր Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության գործընթացը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում